Հուլիսի 13-ին «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի ստորագրությամբ նամակ է ուղարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ քաղաքապետին ուղղած՝ «Բարև Երևանի» ավագանու անդամների նամակների պատասխաններն ստորագրվում են քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչության պետ Գ. Բաղդասարյանի կողմից:
«Երևանի ավագանու 65 անդամներն անհատներ չեն, նրանք ներկայացնում են Երևանի ազգաբնակչությունը ճիշտ այնպես, ինչպես Ազգային ժողովի պատգամավորները՝ ՀՀ բնակչությունը, որոնց նամակների պատասխանները ստորագրվում են Ձեր կողմից: Երևանի քաղաքապետի առջև խմբակցության ու նրա անդամների բարձրացրած խնդիրների վերաբերյալ նամակների պատասխանները ոչ միայն չեն ստորագրվում Ձեր կողմից, այլև կատարողներն էլ Ձեր 4 տեղակալներից, 8 խորհրդականներից և 5 օգնականներից որևէ մեկը չէ: Աշխատանքի այս ձևը չի նպաստում մեր համագործակցությանը:
Այն փաստը, որ որոշ նամակների պատասխաններ խիստ ձևական բովանդակություն ունեն և մեր բարձրացրած հարցերին լուծում չեն առաջարկում, մեր կարծիքով, հիմք է տալիս ենթադրելու, որ ավագանու անդամների նամակներին պատշաճ ընթացք չի տրվում, որից հետևում է, որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում չի տրվում: Լուրջ խնդիր է նաև այն փաստը, որ որպես նամակների պատասխանների կատարող հանդես է գալիս քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը, և եթե նամակի պատասխանից հարց է ծագում, ապա հնարավոր չէ պարզել իրական կատարողին, այն ստորագրվում է վերոնշյալ վարչության պետի կողմից, ով դառնում է նամակի բովանդակության պատասխանատուն: Այնինչ այդ բաժինը ոչ այդ տեղեկատվության, ոչ մեր կողմից բարձրացված հարցերի պատասխանատուն չէ: Օրինակ՝ Երևանի ենթակայության դպրոցների աշակերտների թվի մասին նամակի պատասխանի կատարողն է Ն.Ղուկասյանը, ով Կազմակերպական վարչության աշխատակիցն է, և այդ պատասխանում կա մի տվյալ, որի վերաբերյալ իմ հարցից նա պարզապես տեղեկացված չէ: Ո՞վ է պատասխանատու այս ոչ հստակության համար: Ն. Ղուկասյա՞նը: Իհարկե՝ ո՛չ: Պատասխանատու է ոլորտը համակարգող վարչությունը»,- ասված է նամակում:
Խմբակցությունը կոչ է արել Տարոն Մարգարյանին՝ ղեկավարվել օրենքով և նրա պահանջներով: «Որքան էլ Ձեր պաշտոնական գրությունները նախապատրաստվեն ոլորտի պատասխանատուների կողմից՝ կատարողների պարտադիր հիշատակմամբ, այդուհանդերձ Երևանի ավագանու 65 անդամների նամակների պատասխանները պետք է ստորագրվեն Ձեր կողմից, որպեսզի համագործակցությունը կայանա և երևանցու շահը դառնա գերակա, որի մասին երևանցիներին խոստացել ենք և՛ մենք, և՛ Դուք: Ըստ այդմ՝ համարում ենք, որ մինչ այժմ Ձեզ ուղղված նամակների պատասխանները չենք ստացել»,- եզրափակել է տիկին Բախշյանը: