Թե՛ 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, թե՛ խոշոր հարկ վճարողների հետ տարվող աշխատանքներում և թե՛ պետեկամուտների կոմիտեի գործունեությունն արդիականացնելու ուղղությամբ կատարվող քայլերում առաջընթաց կա: Այս մասին այսօր ասել է Սերժ Սարգսյանը՝ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո անցկացված խորհրդակցության ժամանակ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ հարկային համակարգում արձանագրված առաջընթացը բոլորի համար, այդ թվում՝ գործարարների, նկատելի է, նշել է, թե դրականը տեսնելով, մարդիկ, իհարկե, դեռևս հեռու են այն մտքից, որ ՊԵԿ աշխատանքում ամեն ինչ կատարելագործված է և այլևս թերություններ չկան: Նա շեշտել է, որ իրականացված զգալի աշխատանքի կողքին դեռևս լուրջ անելիքներ կան:
«Մարդիկ տեսնում են, թե որքան քիչ ժամանակ են այլևս ծախսում իրենց հաշվետվությունների կազմման և, ընդհանրապես, հարկային մարմինների հետ շփման ընթացքում: Սա փաստ է: Մենք, բնականաբար, պետք է այս միտումը շարունակենք: Կցանկանայի, որ նույնատիպ առաջընթաց տեսնեինք մաքսային մարմինների աշխատանքում», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նա հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ պատրաստվում է այս շաբաթ արդեն կարգադրություն ստորագրել մեկ պատուհանի սկզբունքը ներդնելու նպատակով, որի իրականացման համար կհրավիրվի մասնագիտացված կառույց.
«Ես կարծում եմ, որ նոր հսկիչ անցագրային կետերի կառուցման հետ միասին, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այս ոլորտում այլևս որևէ խնդիր չունենանք, ու մեր հսկիչ անցագրային կետերը և՛ իրենց տեսքով, և՛ բովանդակությամբ համապատասխանեն եվրոպական չափանիշներին»:
Սարգսյանը կարևորել է հարկային տեսուչի և բիզնեսի ներկայացուցիչների ուղղակի շփումը նվազագույնի հասցնելով, առավելագույն արդյունք ապահովելը.
«Որքան էլ ասենք, որ մենք վերջին 4-5 տարիների ընթացքում կրկնապատկել ենք բյուջեի եկամտային մասը, այնուհանդերձ, դա բավարար չէ: Բավարար չէ երկու առումով. նախ, մենք այլ մուտքեր, այլ հնարավորություններ չունենք, որպեսզի կատարենք ծախսեր՝ կարողանանք բանակ պահել, ուսուցիչ, բժիշկ վարձատրել: Մենք մշտապես պետք է ավելացնենք մեր հարկային մուտքերը և երկրորդ՝ գիտենք, որ չնայած մեծ աշխատանք է կատարվել ստվերը կրճատելու ուղղությամբ, այդուհանդերձ, այն մնացել է և այլ՝ ավելի զարգացած երկրների հետ համեմատած, բարձր է: Հարկային, մաքսային մարմինների կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որպեսզի նպաստեք մրցակցության ապահովմանը՝ ստեղծելով հավասար պայմաններ: Եթե մեկն ստվերում է աշխատում, մյուսը՝ հարկային դաշտում, բնական է, որ այս երկու տնտեսվարող սուբյեկտների զարգանալու հնարավորությունները միատեսակ չեն: Դա, իհարկե, միայն ու միայն հարկային մարմինների խնդիրը չէ, բայց դուք շատ մեծ անելիք ունեք այստեղ», – ասել է Սերժ Սարգսյանը:
Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը և ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը