Home / Հայաստան / ՀՅԴ-ն Պռոշյան գյուղի ընտրությունները «քաղաքական ցինիզմ» է որակել

ՀՅԴ-ն Պռոշյան գյուղի ընտրությունները «քաղաքական ցինիզմ» է որակել

Հուլիսի 14-ին Պռոշյան գյուղում կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների ժամանակ կիրառվել են վարչական լծակները, պարտադրանքը, բաժանվել է ընտրակաշառք: Այս մասին ասված է Դաշնկացություն կուսակցության երեկ տարածած հայտարարության մեջ: Նշենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, ՀՅԴ-ի թեկնածու Վովա Սահակյանը ընտրություններին հավաքել է 1244 ձայն, իսկ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը՝ 1325:

«Հուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը:

Թե՛ Պռոշյանի բնակիչները, թե՛ հասարակությունը, թե՛ մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության ձևավորմանն ու սպանության լիարժեք բացահայտմանը: Հույս կար, որ գոնե այս ընտրությունները, հաշվի առնելով վերոնշյալ առանձնահատուկ հանգամանքները, կանցնեն բնականոն հունով` սկսած առաջադրվողներից մինչև բուն ընտրական գործընթացը: Ցավոք, ընտրություններն անցան վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրություններին հատուկ տրամաբանությամբ: Կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն, պարտադրանք, ընտրակաշառք և այլն: Արդյունքում հաղթանակն արձանագրվում է սպանված համայնքապետի` նախորդ ընտրություններում մրցակից հանրապետական թեկնածուի օգտին:

Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսևորումը խաթարեց ընտրական գործընթացը, խորացրեց համայնքում առկա լարվածությունը: Հակառակ այս իրողությանը՝ մենք հորդորում ենք Պռոշյանի բոլոր բնակիչներին տուրք չտալ նոր լարվածություն ստեղծելու` հնարավոր փորձերին, միաժամանակ վստահեցնում ենք, որ հասարակության համախմբմամբ հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը և մեղավորներին պատժելուն», – ասված է ՀՅԴ-ի հայտարարության մեջ: