Այսօր Գյումրում՝ ՌԴ հյուպատոսարանի դիմաց մոտ չորս տասնյակ քաղաքացիներ պիկետ են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արժանապատվության նվաստացնելու դեմ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է իրավապաշտպան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նա նշել է, որ գյումրեցիները ՀՀ զինանշանով շապիկ են բերել՝ խնդրելով այն փոխանցել Հարությունյանին, ինչպես նաև մի խալաթ, որը նախատեսված է եղել Ռուսաստանի դատավորի, ոստիկանների և դատախազի համար:
Բարսեղյանի փոխանցմամբ՝ ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարը շենքի ներսում զրուցել է Ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Թադևոսյանի հետ և նրա միջոցով փոխանցել հավաքվածներին, թե դուրս չի գալու:
Բողոքի ակցիայի մասնակիցները մոտ 10 անգամ շենքի տարբեր անկյուններից գոռացել են «Կորչմար՝ դուրս արի», սակայն հյուպատոսն այդպես էլ չի արձագանքել:
Քաղաքացիները ծաղիկներ և վառվող մոմեր են դրել հյուպատոսարանի մուտքի մոտ:
Լևոն Բարսեղյանը գրել է, որ հաջորդ պիկետը լինելու է վաղը՝ հուլիսի 18-ին, ժամը 11-ին նույն տեղում:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են, վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Երկու օր առաջ Հարությունյանին անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով են բերել դատարանի դահլիճ, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը երեկ ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիայի պատճառ է դարձել:
Լուսանկարները՝ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից