Այսօր Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանն ընտանիքի՝ կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ միասին այս տարվա ընթացքում արդեն երկրորդ նստացույցն է անցկացրել նախագահական նստավայրի մոտ:
Նախորդ դեպքում նստացույցի համար Խուդոյանների ընտանիքը Երևան էր եկել հունվարի 29-ին՝ պահանջելով իրենց տան կտակի կեղծումը բացահայտելու համար Էջմիածնի դատախազությունում քրեական գործ հարուցել: Այն ժամանակ Խուդոյանի հետ հանդիպել է ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, ապա Էջմիածնի դատախազը, ովքեր խոստացել են աջակցել գործի արդար քննությանը: 6 ժամ անց Խուդոյանների ընտանիքը դադարեցրել է նստացույցը:
Այսօր 15:30-ի սահմաններում նախագահականի մոտ եկած Աշոտ Խուդոյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ պահանջում է միջամտել, որպեսզի Էջմիածնի դատախազությունն օբյեկտիվ քննի իրենց բողոքը:
Epress.am-ի հետ զրույցում Խուդոյանն ասել է, որ իրենց գործը «քննվում է վերապահումներով»: Նրա խոսքով՝ դատախազությունը պետք է կադաստրից բերի իր պապի կտակը, որպեսզի նրա ստորագրությունը համեմատեն իր քրոջ ներկայացրած կտակում առկա ստորագրության հետ: Խուդոյանը պնդում է, որ այդ կտակում ստորագրությունը կեղծված է քրոջ կողմից: Բողոքողը նշում է, որ դատախազությունը չի ուսումնասիրում կադաստրից համապատասխան թղթերը, այլ հիմնվում է իր կողմից ներկայացրած փաստաթղթերի վրա, մինչդեռ լրացուցիչ փաստաթղթերը կարող են լույս սփռել իրավիճակի վրա:
Խուդոյանին հրավիրել են նախագահական, որտեղ կրկին խոստացել են միջամտել, որպեսզի գործի քննությունն արդար ընթացք ունենա: Նախագահականի մոտ երկու ժամ անցկացրած Խուդոյանն այս անգամ էլ որոշել է հավատալ խոստումներին և դադարեցնել նստացույցը, սակայն նշել է, որ, եթե իր խնդիրներին լուծում չտրվի, նա անժամկետ նստացույց կսկսի նախագահականի մոտ: