Հասարակական տրանսպորտի թանկացումից հետո Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի ամենաակտիվ պաշտոնյան է, ով ամեն ինչ անում է՝ քաղաքացիական բողոքը լռեցնելու և ակցիաները խափանելու համար: Պատճառն այն է, որ քաղաքացիների բողոքը կարող է լսելի դառնալ վերին օղակներում, ինչը վնաս կհասցնի Նավասարդյանի ընտանեկան բյուջեին: Այս մասին գրում է Hetq.am կայքը:
Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18 ավտոբուսային երթուղին: Այն սպասարկում է «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Նավասարդյանի 22-ամյա որդին է` Անդրանիկ Նավասարդյանը: Նա 2012 թ. նոյեմբերից ընկերության 100% սեփականատերն է, իսկ մինչ 2012 թ. ապրիլ ամիսը 2 տարի ընկերությունը ղեկավարել է ավագ որդին` Էդգար Նավասարդյանը: Անդրանիկ Նավասարդյանը 2008-ից մինչև 2013 թ. մայիս ամիսը եղել է նաեւ «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրանց ազգականը` Արտակ Նավասարդյանը:
Պարզ է, որ այս ընկերության իրական սեփականատերը հենց Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան է, նշում է Hetq.am-ը:
Նրա միջնեկ որդին` Դավիթ Նավասարդյանն էլ զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով: Նրան է պատկանում «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2011 թ.-ին:
Ըստ ընկերության կայքում հրապարակված գնացուցակի` կախված ավտոբուսի վրա փակցվող գովազդային պաստառի քմ-ից, պայմանագրի երկարաժամկետ լինելուց և ավտոբուսների քանակից` մեկ «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վրա գովազդ տեղադրելու գինը մեկ ամսվա համար կազմում է 100.000-130.000 դրամ, իսկ գովազդային պաստառի 1 քմ արժեքը 5.000-6.000 դրամ է: Մեկ միկրոավտոբուսի արժեքը մեկ ամսվա համար 25.000 դրամ է, իսկ գովազդային պաստառի 1 քմ գինը` 6.000 դրամ: Ի դեպ, միկրոավտոբուսների գովազդը 40-ից պակաս չի կարող լինել:
«Հենրիկ Նավասարդյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, որովհետև քաղաքապետարանը «բլոկ» է արել նրա հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները: Նրա ընդունարանից պատասխանեցին, որ լրատվության բաժնի հետ համաձայնեցնենք նոր միայն խոսենք Նավասարդյանի հետ: Իսկ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, թե իրենց կարգի համաձայն, հարցերը պետք է գրավոր ուղարկենք իրենց, որպեսզի քննարկեն նոր միայն որոշեն հնարավոր է հարցազրույց վարել, թե ոչ», – նշում է կայքը:
Հիշեցնենք, որ Նավասարդյանը երկու օր առաջ հայհոյել էր iLur կայքի լրագրողին, երբ վերջինս փորձել է նրան հարց ուղղել: Ավելիւ ուշ նա հայտարարել է, որ «այլ բան» է նկատի ունեցել: