Երևանի քաղաքապետարանն այսօր՝ հուլիսի 24-ին, իր կայքում հրապարակել է հանրային տրանսպորտի սակագնի փոփոխման մասին որոշումը՝ թվագրված հուլիսի 19-ով:
Ավելի վաղ մի շարք վերլուծաբաններ նշել էին, որ հանրային տրանսպորտում նախկին 100 դրամի փոխարեն 150 դրամ գանձելն անօրինական է և որոշումը օրենքի խախտումով է կատարվել:
Մասնավորապես, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումների համար 150 դրամ փոխադրավարձ պահանջելը անօրինական է մի շարք պատճառներով, օրինակ, այն հիմքով, որ ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, մինչդեռ Երևան քաղաքի քաղաքապետը նման որոշում չէր ընդունել:
ՀԿ-ն նշում է, որ Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերը ուժի մեջ մտնում են բացառապես պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, եթե ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
Բացի դա, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2013թ. հուլիսի 23-ին հեռախոսազանգով դիմել է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերությանը, որը պատասխանատու է իրավական բոլոր ակտերի պաշտոնական հրապարակման համար: Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևանի իրավական ակտերից վերջինը թվագրվում է 2013թ. հուլիսի 10-ով:
«Ինչպես վերջին, այնպես էլ դրան նախորդող տեղեկագրերից որևէ մեկում Երևան քաղաքի ներհամայնքային տրանսպորտի փոխադրավարձերի ավելացման վերաբերյալ որոշում հրապարակված է չէ: Ավելին, որևէ որոշում չի հրապարակվել նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում, ինչպես նաև Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի www.arlis.am, www.laws.am, www.legislation.am կայքերում», – նշել էր ՀԿ-ն, որից հետո քաղաքապետարանը հրապարակել է հուլիսի 19-ով թվագրված որոշումը: