Երեկ թիվ 67 երթուղայինի վարորդ 33-ամյա Ալեքսան Ղազարյանին դանակահարած անձի ինքնությունը դեռևս պարզված չէ: Այս մասին այսօր Epress.am-ի թղթակի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միկրովիրաբուժության բաժնից էլ մեզ հայտնել են, որ երեկ վիրահատված վարորդի վիճակը նորմալ է:
Ղազարյանին վիրահատած պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանն ասել է, որ վարորդը, ամենայն հավանականությանբ, 1-2 օր կմնա բժիշկների հսկողության տակ այնուհետ դուրս կգրվի:
Ինքը՝ Ղազարյանը, news.am-ի հետ զրույցում պատմել է, որ իրեն դանակահարած ուղևորը երթուղային է մտել Մալաթիա տոնավաճառի մոտից և զգացվել է, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է: Արդեն ավտոկայանի մոտ ասել է, որ 50 դրամը չի տալու:
«Ասացի՝ մի տուր, քեզանից ո՞վ է 50 դրամ ուզել, որ մի հատ էլ տաս կամ չտաս: Ուզում ես տուր, ուզում ես վաբշե մի տուր: Դե խմած էր շարունակեց ու վերածեց կռվի: Ես պահանջեցի, որ իջնի, որովհետև անիմաստ տեղն էր կռիվ անում: Ասում էի մեքենայի մեջ կին կա, հաճելի չի»,- պատմել է վարորդը՝ ասելով, որ երբ ուղևորը դանակով մոտեցել է իրեն, ինքը դիմադրություն է ցույց տվել, և դրա արդյունքում է, որ դանակի հարվածը թևն է վնասել, հակառակ դեպքում ավելի լուրջ վնասվածք կստանար:
Տեսանյութը՝ news.am-ի