Home / Հայաստան / Թուրք ըմբիշին որակազրկել են հայերին վիրավորելու համար

Թուրք ըմբիշին որակազրկել են հայերին վիրավորելու համար

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան 6 ամսով որակազրկել է թուրք ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ռիզա Քայաալփին: Պատճառը՝ հայերի և Գեզի այգու համար պայքարող ընդդիմադիր ցուցարարների մասին ռասիստական գրառումներն են:

Today’s Zaman պարբերականը հաղորդում է, որ Քայաալփը Twitter միկրոբլոգի իր էջում ցուցարարների մասին վիրավորական հաղորդագրություններ էր գրել, մասնավորապես, նշելով. «Քու…մ Ձեզ, դավաճաններ», «Փողոցները հայերին եք տվել, դուք՝ քու…ծ գողեր», «Ամոթ Ձեզ, ազատեք հրապարակը հայ, հույն ավազակներ, Աստված անիծի շուն ակտիվիստներին»:

Ըմբիշի գրառումները լուրջ դժգոհություն են առաջացրել Թուրքիայում, Միջազգային Օլիմպիական Կոմիտեն ու Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այդ երկրի քաղաքացիներից Քայաալփի հաղորդագրությունների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ էր ստացել:

Դրանից հետո ըմբիշը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Twitter-ի այդ էջն իրեն չի պատկանում, սակայն Քայաալփը միևնույն է որակազրկվել է:  

Ըստ Habertürk պարբերականի՝ որոշումը կայացվել է երեք շաբաթ առաջ, որից հետո Քայաալփին ծանուցել են այդ մասին: Ըմբշամարտի Միջազգային Ֆեդերացիայի որոշման մեջ նշված է, որ Քայաալփի հաղորդագրությունները ռասիստական հարձակումներ են հայերի դեմ:

Այժմ հունահռոմեական ոճում հանդես եկող թուրք գերծանր քաշայինը ստիպված կլինի բաց թողնել սեպտեմբերին Հունգարիայում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Քայաալփը որոշումը դեռևս չի բողոքարկել:

Նշենք, որ այս տարվա մարտին Թբիլիսիում կայացած ըմբշամարտի եվրոպայի առաջնության ժամանակ Քայաալփն իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը և գալիք աշխարհի առաջնությունում հաղթողի կոչման հավակնորդներից էր համարվում: