Home / Տեսանյութեր / «Ոչ թե արտագաղթ, այլ էվակուացիա». Բագրատյանը՝ վիճակագրական տվյալների մասին

«Ոչ թե արտագաղթ, այլ էվակուացիա». Բագրատյանը՝ վիճակագրական տվյալների մասին

ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, վերլուծելով Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ներկայացրած թվերը, փաստում է, որ կյանքը Հայաստանում վատանում է անգամ պաշտոնական տվյալների համաձայն:

Facebook սոցիալական ցանցի իր էջում Բագրատյանը նշում է, որ ԱՎԾ-ի կողմից երեկ հրապարակված ՀՀ սոցալ-տնտեսական վիճակը բնութագրող օպերատիվ ցուցանիշների համաձայն, տնտեսական աճը 2013թ հուվար-հուլիս ամիսներին 2012-ի հունվար-հուլիսի նկատմամբ կազմել է 4%։ Մեկ ամիս առաջ այդ թիվը 4.4% է եղել, 2 ամիս առաջ՝ 5.3%, իսկ տարեսկզբին՝ ավելի քան 9%:

«Մի խոսքով, շարունակում ենք սուզվել։ Բայց ի՞նչն է հետաքրքիր։ Աճը (եթե այն կա) հիմնականում ապահովվել է գյուղատնտեսության ու արդյունաբերության հաշվին: Ինչ վիճակագրական հիմարություններ են արվում գյուղատնտեսության նկատմամբ մի անգամ չէ, որ ասել եմ։ Իսկ, այսպես կոչված, արդյունաբերության աճը հանքերն են։ Ավել գործ չենք արել, ավել չենք աշխատել։ Բահերով ու կովշերով ավել բնությունից ենք վերցրել։ Եվ այս կառավարությունը սա համարում է դիվերսիֆիկացված աճ», – գրել է պատգամավորը։

Նա նաև ընդգծում է, որ արդեն որերորդ անգամ, համաձայն պաշտոնական տվյալների, աշխատավարձի աճն ավելի փոքր է, քան գներինը։ Այսպես, վերջին 7 ամիսներին գներն աճել են 4.7%-ով, իսկ աշխատավարձը 3.2%։

«Այսպիսով, նույնիսկ կառավարությունը խոստովանում է, որ կյանքը վատացել է 1.5%-ով։ Պատկերացնում եմ, թե ի՞նչ կլինեն իրական թվերը։ Իսկ կառավարության հիմնական հատվածը զբաղված է ինտրիգներով։ Սրան-նրան կռվացնի, դատական գործեր սարքի, սուտի բացատրություններ տա, բիզնեսներ յուրացնի։ Հետո էլ ասում եք, թե ժողովուրդը սովոր է արտագաղթելուն։ Բա ի՞նչ անի։ Սա արդեն արտագաղթ չի է, սա էվակուացիա է»։