Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է մինչև այս տարվա դեկտեմբերի վերջ քաղաքականությունը լքելու իր մտադրությունը: Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ի հետ զրույցում:
«Կարծում եմ, [քաղաքականությունը] կլքեմ մինչև նոր տարին ու կշարունակեմ ակտիվ հասարակական գործունեությունս: Իմ կարծիքով` մեր խնդիրը կառավարության մեջ չէ, այլ հասարակության, որը շատ անփորձ է ու շատ ցածր քաղաքական մշակույթ ունի: Ես կանեմ ամեն ինչ այն բարձրացնելու համար»,- Իվանիշվիլիի խոսքերն է փոխանցում Georgia Online-ը:
Վրաստանի վարչապետը նաև հայտարարել է, որ «ներկայումս դժվար է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու հստակ ամսաթիվ ասել», բայց իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա հույս կա, որ 3-4 տարի հետո Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:
Միևնույն ժամանակ, Իվանիշվիլին նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է Վրաստանի քաղաքական կայունության ու երկրի տնտեսության համար:
«Հաշվի առնելով ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման նշանակությունը՝ Վրաստանի կառավարությունը կանի ամեն ինչ այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Իվանիշվիլին: