Իշխող Հանրապետական կուսակցությունը «հարկ չի համարում» «Փակ շուկայի» շուրջ վերջին օրերին բարձրացված աղմուկի ֆոնին քննարկել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարցը կամ խնդիրը քննարկել նրա հետ։
Կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը «նախագծային ինստիտուտ չէ», այն քաղաքականություն մշակող մարմին է։
Մինչ շուկայի փակ տարածքում Սամվել Ալեքսանյանը շինարարություն է իրականացնում, որը պետք է դառնա «Երևան Սիթի» սուպերմարկետ, երեկ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը շինարարության ՝ ըստ էության ապօրինի լինելու մասին հայտարարությամբ է հանդես եկել։ Նա ասել էր, որ հուշարձանն աղճատված է, որ նման նախագիծ իրենց հետ չի համաձայնեցվել, քաղաքապետարանին ներկայացվել են այդ նախագծերը և մերժվել:
«Բազմաթիվ ջանքերն օգուտ չտվեցին»,- հայտարարել է Նարեկ Սարգսյանը։
Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ այս հարցը երբևէ չի քննարկվել, բայց եթե անհրաժեշտ լինի, գործադիր իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն:
«Մեր կուսակցությունը նախագծային ինստիտուտ չէ, ոչ էլ գործադիր մարմին: Մենք քաղաքականություն մշակող ենք: Դրան հարիր, գործադիր մարմինը, որպես ներընտրված գործադիր մարմին, պարտավոր է ուշադրություն դարձնել», – նշել է ՀՀԿ փոխնախագահը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Փակ շուկայի» փոխարեն «Երևան Սիթի» կառուցելուն, Գալուստ Սահակյանը պատասխանել է․ «Եթե զգացմունքային որակներով շարժվենք, ոչինչ պիտի չքանդվի, մինչև մեր վերջը գա, հետո ով կքանդի՝ կքանդի: Եթե պրագմատիկ մոտեցում ենք ցուցաբերում, Երևանը նոր կահավորում պիտի ունենա պարտադիր կարգով: Համենայնդեպս ես կողմնակից եմ ավելի լավը կառուցելուն»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք Azatutyun.am կայքում: