«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նկատել է, որ ոստիկանների հետ վերջին առճակատումներից հետո քաղաքացիական ակտիվիստները սկսել են ասել այն, ինչի մասին Կոնգրեսը հայտարարում էր 2008 թվականի մարտի 1-ից սկսած:
Օրեր առաջ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում ոստիկանապետի հետ հանդիպմանը սպասող Լևոն Զուրաբյանը ուշադրություն է դարձրել, թե ինչպիսի լուրջ առճակատումներ կան դրսում հավաքվածների ու ոստիկանների միջև: Գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հերթական ուրբաթօրյա ակցիայի ժամանակ մեկնաբանելով տեսածը՝ Զուրաբյանը նշել է, որ հավաքվածների կարգախոսը եղել է՝ «ոստիկաններ, մի դարձեք Սերժի շները ու մի ծառայեք նրան»:
«Նրանք ասում էին այն, ինչը մենք ասում էինք 2008 թվականի մարտի 1-ից սկսած: Մի քանի ամիս առաջ մեզանից ոչ ոք չէր սպասի, որ քաղաքացիական շարժման ակտիվիստները նման պահանջներով, կարգախոսներով ու քարոզով հանդես կգան: Ավելին՝ ասում էին, որ եթե Կոնգրեսը ուզում է հաջողության հասնել, պետք է չափավորի իր բառապաշարը, չասի ծայրահեղական բառեր ու պետք է շատ կոնկրետ պահանջներ դնի», – ասել է Զուրաբյանը:
Նա նշել է, թե իրենք դեռևս այն ժամանակ են ասել՝ ով անկեղծ գնա մինչև վերջ պահանջատիրության հետևից, միևնույն է՝ գալու է մի գաղափարի, այն է՝ ազատվել Սերժ Սարգսյանից ու ռեժիմից:
«Քանի օր է՝ հավաքվում են ազատամարտիկները, եթե հիշում եք, ապա պայքարի սկզբում շատերն ասում էին, թե իրենք չեն պայքարում իշխանափոխության համար, այլ պայքարում են նրա համար, որ հենց այս իշխանութնունները լուծեն իրենց սոցիալական խնդիրները: Ընդամենը մի քանի օր անց ազատամարտիկների գլխավոր կարգախոսները դարձան` «Սերժիկ, հեռացիր», «իշխանափոխություն», «վերադարձնել իշխանությունը ժողովրդին»», – ասել է Զուրաբյանը:
Վերջինս շեշտել է, որ ռեժիմը ժողովրդին այն վիճակի է հասցրել, որ յուրաքանչյուրը, ցանկացած քաղաքացիական խումբ, իր խնդիրը ամենաանմեղ պահանջներից սկսելով, շատ արագ հասկանում ՝ ով է այս երկրի զարգացման հիմնական խոչընդոտը:
«Մենք ողջունում ենք բոլոր քաղաքացիական խմբերի, ազատամարտիկների ծավալվող ու օրեցօր թեժացող պայքարները: Բնական են ոստիկանական ջղաձգումները, ռեժիմը հասկանում, է որ այս պայքարը դուրս է գալիս իրենց վերահսկողությունից», – ասել է նա:
Զուրաբյանի խոսքով՝ ինչ-որ պահի խոսակցություններ են հնչել, թե քաղաքական պայքարը մի բան է, քաղաքացիականը՝ այլ բան, որոշ ակտիվիստներ նշել են, որ իրենց պայքարը պետք է հեռու պահեն քաղաքականից:
«Կային մարդիկ, ովքեր ասում էին, թե քաղաքական կուսակցությունների դարը սպառվել է, բայց ոչ մի խումբ մյուսին մրցակից չէ, ու այդ միտքը պետք է հանել մեր գիտակցությունից: Մենք բոլորս դաշնակից ենք ու եկել է ժամանակը, որ բոլորը հասկանան մի բան՝ մենք նույն ճակատում պահում ենք այդ ճակատի տարբեր հատվածները: Մենք՝ այս ռեժիմի դեմ պայքարող քաղաքական ուժերս և քաղաքացիական նախաձեռնությունները, նույն բանակի տարբեր ստորաբաժանումներ ենք, ու երբ կլինի այս գիտակցությունը, մենք կհաղթենք ռեժիմին: Ռեժիմը, տեսնելով, որ ամեն քայլափոխի իր դեմ տարբեր ակցիաներով դուրս են գալիս, կորցնում է վերահսկողությունը ու չգիտի՝ որ մեկին խանգարի կամ ճնշի: Սա հաջողության բանալին է», – ասել է ՀԱԿ փոխնախագահը:
Նշենք, որ ուղևարձի թանկացման դեմ անցկացված «Վճարում ենք 100 դրամ» շարժման մի խումբ ակտիվիստներ այսօր միացել են ի պաշտպանություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի անցկացվող ակցիային:
Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ակտիվիստ Միհրան Ավագյանը նշել է, թե ակցիային մասնակցելու նպատակը մեկն է՝ «պայքարել այն բանի համար, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն»:
«10 հոգով միացանք ու ամեն ուրբաթ միանալու ենք: Անկախ կուսակցությունից՝ նա քաղաքացի է, ու պետք է ազատ լինի», – ասել է Ավագյանը:
Նա պատմել է, թե ինքը դատախազություն էր եկել՝ սատարելու Արգիշտի Կիվիրյանին, ով ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՔԾ քննիչին բացարկ է հայտնել և հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ հետո միացել է Տիգրան Առաքելյանի ազատման պահանջով բողոքի ակցիային: