Գտնվել են լուծումներ, որոնք շահեկան են դարձնում Հայաստանի համար Մաքսային միության անդամակցումը: Այս մասին այսօր Կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նշել է, որ այդ լուծումների մասին «դուք շուտով կունենաք պատկեր և կարող եք դատել, թե ինչ առավելություններ ենք մենք ստանում»:
Քոչարյանի խոսքով՝ եվրոպական գործընկերների համար ՀՀ իշխանությունների որոշումը չպետք է անակնկալ լիներ, քանի որ դրա մասին նրանց հայտնել էին մինչ Սերժ Սարգսյանի Մոսկվա գնալը:
Լրագրողը նշել է, որ Շավարշ Քոչարյանը նախկինում տված հարցազրույցներից մեկում ասել է, որ, Մաքսային միությանը միանալով, Հայաստանը կկորցնի ինքնորոշումը:
«Ես այդպիսի բան չեմ ասել»,- հերքել է Քոչարյանը՝ հավելելով, որ Միությանը միանալը ենթադրում է «ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակաս» և դա ցանկացած Մաքսային միությանն էլ վերաբերում է:
«Դա կապված է մաքսային քաղաքականության հետ, դրույքաչափերի հետ: Այդ աստիճանով կորցնելու է և՛ Ղազախստանը, և՛ Բելառուսը, և՛ Ռուսատանը, քանի որ կա վերազգային մարմին, որ ինքն է որոշում էդ տարիֆները, ընդհանուր սուվերենության կորցնելու մասին ես չեմ ասել ու չէի կարող ասել»,- ասել է Քոչարյանը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի որոշումը ստացել են ճնշումների գնով՝ Շավարշ Քոչարյանը բացասական պատասխան է տվել՝ ասելով, թե «բանակցությունների, ծանրութեթև անելու արդյունքում՝ դու հասկանում ես, որ ընդհանուր առմամբ դա մեզ ձեռնտու է»: