Ամեն ինչ արվում է, որպեսզի արդեն հաջորդ ուստարվանից Հայաստանում գործեն Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն ու ռուսերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցը։ Այս տարի այդ աշխատանքներն ավարտին հասցնել չի հաջողվել:
Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը։ Վերջինիս խոսքով՝ համապատասխան որոշումն արդեն կա, և այժմ աշխատանքներ են իրականացվում՝ փաստաթղթային գործընթացը կազմակերպելու, վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։
«Այսինքն, եթե ամեն ինչ հաջող ընթանա, հաջորդ սեպտեմբերից հայաստանցի երեխաները կարող են Երևանում սովորել Մոսկվայի պետական համալսարանում, կամ ռուսական գիմնազիայում։
Այն, որ այսպիսի ծրագրեր կային, հայտնի դարձավ երկու օր առաջ, երբ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակ ԶԼՄ-ների հետ զրույցում Վլադիմիր Պուտինը, ամփոփելով երկկողմ հանդիպման արդյունքները, հայտարարեց, որ Երևանում կարող են հայտնվել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն ու ռուսալեզու գիմնազիա։ Պարզվում է, դա կարող էր լինել նաև այս սեպտեմբերից, պարզապես չեն հասցրել», – նշում է թերթը։