Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ երկաթուղու աբխազական հատվածի բացման մասին որոշում չի ընդունել, իսկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի (լուսանկարում) հայտարարությունն այդ թեմայով իրականությանը չի համապատասխանում: Աբխազիայի իշխանությունների ներկայացուցիչները նույնպես հերքել են Բաղդասարյանի հայտարարությունը:
«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայտարարությունն այն մասին, թե Վրաստանի կառավարությունը համաձայնել է վերականգնել երկաթուղու աբխազական հատվածը, չի համապատասխանում իրականությանը: Վրաստանի կառավարությունը հետաքրքրված է տվյալ թեմայով և այժմ պատրաստ է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը: Բայց դա չի նշանակում, որ արդեն ինչ-որ որոշում է ընդունվել»,- ասված է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ:
«Ներկա պահին Վրաստանի կառավարությունը երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չի ընդունել, և ժամանակից շուտ ինչ-որ բան հայտարարելը վաղաժամկետ կլիներ», – նշում են հայտարարության հեղինակները:
Սեպտեմբերի 6-ին Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Բժանիան հայտարարել է, որ Աբխազիայի իշխանություններին զարմացրել էր Հայաստանի ազգային անվտանգության քարտուղարի հայտարարությունն այն մասին, թե Աբխազիան համաձայնել էր միջանցիկ երկաթուղի բացել:
«Աբխազիայի տարածքով անցնող միջանցիկ երկաթուղային հատվածի բացման թեման Աբխազիայում արդեն վաղուց չի քննարկվում»,- նշել է նա: Քրիստիան Բժանիան ուշագրավ է համարել, որ «աբխազական հատված» գոյություն չունի, կա Աբխազիայի երկաթուղի: