Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ մարդասպանության մեջ մեղադրվող որդու և թիկնապահի ազատ արձակումը խայտառակ քայլ է: Այս մասին «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը նշում է իր հայտարարության մեջ:
ՀԱԿ-ն ընդգծում է, որ քաղաքական հարթության վրա իր հակառակորդների դեմ անզոր՝ Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը տարիներ շարունակ նրանց բանտերն է լցրել, ունեցել է հարյուրից ավելի քաղբանտարկյալներ, և այսօր էլ կա քաղբանտարկյալ։
«Հիմա էլ նա քաղաքացիական խաղաղ ցույցերի ու ակտիվիստների դեմ պայքարում է ամեն մի իշխանության համար ստորագույն, ամոթալի մեթոդներով՝ ոստիկանական սադրանքներից սկսած մինչև քրեական տարրերի օգտագործումը։ Դրան հակառակ, նույն ռեժիմը պարտակել է բազմաթիվ ծանր հանցագործություններ, ընդհուպ սպանություններ, եթե դրանք կատարվել են ավազակապետության մաս կազմող օղակների, իր սպասարկուների կողմից։ Լիակատար զրկված լինելով հասարակական նվազագույն պաշտպանությունից ու աջակցությունից, հանցավոր այս գործելակերպը դարձել է վարչախմբի ինքնապահպանման միակ ձևը։
Երեք ամիս առաջ Սյունիքի մարզպետի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանությունն այնքան բացահայտ էր, որ դրա հետևանքով Սուրիկ Խաչատրյանին ստիպեցին հրաժարական տալ։ Հայտնի փաստերն ու մանրամասներն անսակարկելիորեն հաստատել են կատարվածը, և դա դարձրել ոչ միայն տուժող կողմի, այլև ողջ հասարակության անվերապահ համոզմունք։ Ծանրագույն հանցագործության պարտակումը այլ բան չէ, քան ռեժիմի կողմից հերթական մի ապտակ նույն հասարակությանը, որն անպատասխան չպիտի մնա», – նշում են հայտարարության հեղինակները։