Կրասնոդարում գիշերը խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է Հայաստանի 5 քաղաքացի, այդ թվում՝ 8-ամյա երեխա: Եվս 7 մարդ հոսպիտալացվել է:
Վթարը տեղի է ունեցել գիշերը՝ ժ.2.40-ին՝ Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» դաշնային մայրուղու վրա: Սոչի-Երևան երթուղով ընթացող «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կանգնած GAZ-53 բեռնատարին: Միկրոավտոբուսում 15 մարդ է եղել, բոլորը՝ հայաստանցիներ:
Ավտոբուսի վարորդը պարզաբանել է, որ «կուրացել է հանդիպակաց մեքենայի լուսարձակների լույսից, ինչի պատճառով ուշ է նկատել առջևում գտնվող բեռնատարն ու չի հասցրել արգելակել՝ չնայած ցածր արագությանը»:
Ըստ ՀՀ ԱԻՆ կայքի տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը (մեկի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել)՝ 2005թ. ծնված Պիրիկ Պարենյանը, 1985թ. ծնված Մարիամ Սահակյանը, Լուսինե Խաչատրյանը և 1971թ. ծնված Արմեն Բաբայանը տեղում մահացել են, իսկ Ալլա Բարենցյանը (ծնվ. 1985 թ.), Անուշ Վեյթունյանը (ծնվ. 2009 թ.), Գայանե Հովասենյանը (ծնվ. 1990 թ.) և Նաիրա Սահակյանը (ծնվ. 1986 թ.), Անի Մարկոսյանը (ծնվ. 1995թ.), Ֆեդա Բաբայանը (ծնվ. 2007թ.) և Արմենակ Բաբայանը (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: