Այսօր ՀՅԴ-ն ներկայացրել է «Մենք ապրելու ենք մեր երկրում» խորագրով իր նոր ծրագիրը, որը, ըստ հեղինակների, ուղղված է լինելու Հայաստանում արտագաղթի կասեցմանը: Թեև ծրագիրը ներկայացրել է կուսակցությունը, ՀՅԴ-ի ներկայացուցիչների համաձայն, դա ազգային ծրագիր պետք է դառնա՝ հաշվի առնելով հայաստանյան արտագաղթի տեմպերը:
«Ծրագիրը կազմված է տասնմեկ հիմնական ուղղություներից, որոնք առնչվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին: Առաջինը՝ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը: Առաջարկում ենք, որ պաշտոններից ազատվեն այն անձինք, որոնք դրսևորում են հակաքիստոնեական, հակամարդկային վարքագիծ, որ հասարակության մոտ առաջացնում են բացասական վերաբերմունք: Ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ: Հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի»,- ներկայացնելով ծրագիրը՝ ասել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Թե ինչպես պետք է այս խնդիրները լուծվեն՝ ՀՅԴ-ն որոշելու է հետագա քննարկումներով, որոնց մասնակցելու են տարբեր ոլորտների մասնագետներ:
Առաջին քննարկումը տեղի կունենա վաղը՝ «Սիմոն Վրացյան» կենտրոնում:
Ըստ Մինասյանի՝ եթե քաղաքացիական հասարակությունը միանա ծրագրին, իշխանությունները չեն կարող չաջակցել դրա իրականացմանը:
«Իշխանություններն էլ են արդեն հասկանում, որ եթե այսպես շարունակվի, ապա երկիրը վերջնականապես արյունաքամ կլինի»,- հավելել է նա: