Ոստիկանության հատուկ կարևորության գործերով վարչությունը խիստ գաղտնիության պայմաններում քննում է օրենքով գող, հանգուցյալ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մերձավորներից մեկի՝ ծագումով գավառցի գործարար Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստության վերաբերյալ գործը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ տեղեկացնելով, որ Ռաֆիկ Մադոյանի վրա, ով Մոսկվայում գտնվող «Շաշլիկ-մաշլիկ» և «Նանի տուն» ընկերությունների սեփականատերն է, արդեն մեկ անգամ կատարվել էր մահափորձ՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ նա իր թիկնապահ Ավագյանի հետ ավտոմեքենայով գնալիս է եղել Սայանսկի փողոցում գտնվող իր տունը։ Շքամուտքի դուռը բացելու պահին դիպուկահարը կրակ էր բացել Մադոյանի ուղղությամբ, որից տուժել էր միայն թիկնապահը։
Թերթի տեղեկություններով, սակայն, այս պահին ոստիկանության քննչականի վարույթում սպանության նախապատրաստության գործը ուղիղ կապ չունի Սայանսկի փողոցում մահափորձի հետ։ Ներկայումս քննվող գործի շրջանակներում մայիսին կալանավորվել է 6 անձ, որոնք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում են, և որոնց հետ այս 5 ամսվա ընթացքում քննչական գործողություններ գրեթե չեն կատարվել:
«Ոչ մի ապացույց մեզ չեն ներկայացրել, – թերթի հետ զրույցում ասել է կալանավորված անձանցից մեկի՝ Գևորգ Պետրոսյանի հանրային պաշտպանությունն ստանձնած փաստաբան Վարդան Գրիգորյանը։ – Հենց հիմա իմ պաշտպանյալն ակնհայտ ապօրինի պահվում է քրեակատարողական հիմնարկում, և նրան առանց ապացույցների մեղադրում են: Իմ պաշտպանյալին մայիսի 14-ից մինչ այսօր մի անգամ որպես կասկածյալ են հարցաքննել, մի անգամ էլ՝ որպես մեղադրյալ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում