Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ուղարկել էր նամակներ, որոնց միջոցով փորձում է պարզել, թե ԱԺ պատգամավորներից ովքեր են կողմ և ովքեր դեմ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը:
Վերջին շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 15-20-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է նամակներից 6-ի՝ Հովիկ Աբրահամյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արտաշես Գեղամյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Կարեն Կարապետյանի, Ալեքսանդր Արզումանյանի պատասխանները:
Ուղարկված 6 պատասխաններից 3-ում պատգամավորները դեմ են արտահայտվել Հայաստանի՝ Մաքսային Միությանը միանալուն:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն իր նամակում նշել է, որ այն համոզմունքն ունի, որ Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքն է և «մենք չպիտի կորցնենք ԵՄ-ի հետ երկխոսության հնարավորությունը՝ մեր եվրոպական հեռանկարը չփակելու համար»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, իր հերթին, գրել է, որ իր և իր գլխավորած կուսակցության դիրքորոշումը հստակ է՝ դեմ են Մաքսային Միությանը ՀՀ անդամակցությանը, քանի որ դա հակասահմանադրական քայլ է և վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը:
Մաքսային միությանը դեմ է արտահայտվել նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Հովիկ Աբրահամյանը և Կարեն Կարապետյանը իրենց պատասխաններում նշել են, որ կողմ են ՄՄ-ին անդամակցությանը, իսկ Արտաշես Գեղամյանն իր նամակում խորհուրդ էր տվել Ազգային գրադարանից վերցնել և ընթերցել վերջին տարիներին հրապարակված իր հեղինակած գրքերը՝ «Ապագային ընդառաջ», «Եվրասիական Միությունը մեր ապագան է», «Եվրասիական Միությունը անկախ Հայաստանի ապագայի ուղին է», «Դժվար ճանապարհ դեպ Ստամբուլ», «Հայաստանի Եվրասիական Միություն մտնելու այլընտրանքը պատերազմ է»: