Արցախյան ազատամարտի մի քանի տասնյակ մասնակիցներ համարում են, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումը հատուկ նպատակ հետապնդող քայլ: Այս մասին ասված է ազատամարտիկների հայտարարության մեջ, որն իրենք այսօր Հանրապետության հրապարակում ներկայացրել են լրագրողներին:
Ազատամարտիկներն իրենց զորակցությունն են հայտնել Ավետիսյանին՝ նշելով, որ «իշխանությունները հատուկ հաշվարկել են իրենց քայլերն ու գնդապետին մեկուսացնելուց առաջ փորձել են պառակտել պայքարի դուրս եկած ազատամարտիկներին՝ նրանց միջև թշնամանք սերմանելով»: Հիշեցնենք, որ մայիսից սկսած ազատամարտիկների շարժումը պայքարում է սոցիալական խնդիրների լուծման, մասնավորապես, թոշակները բարձրացնելու և ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին անվճար բուժօգնություն տրամադրելու համար:
«Նպատակին չհասնելով՝ իշխանությունները դիմեցին ավելի խիստ, անօրինական և անբարոյական միջոցների: Իրազեկում ենք, որ մենք չենք գնալու իրենց նրանց ցանկալի ճանապարհով. Ավետիսյանին սատարելուն զուգահեռ շարունակելու ենք պայքարը զոհված ազատամարտիկների և մեր զինակից ընկերների ու նրանց ընտանիքների համար արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու համար», – հայտարարել է ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:
Նշենք, որ Ավետիսյանին ազատ արձակելու հայտարարությամբ են հանդես եկել նաև Գյումրիի, Վանաձորի, Ապարանի վետերան ազատամարտիկները:
Այսօրվա բացօթյա ասուլիսի մեկ այլ մասնակից ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ նշել է, թե իրենց զայրացրել է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» ծրագրի ընթացքում հնչեցրած «ոմն Վոլոդյա Ավետիսյան» արտահայտությունը:
«Հիշեցնեմ, որ Վոլոդյան ոմն չէ, նա հերոս տղա է: Հետո էլ «Սուր անկյունը» կոչ է անում նրանց, ովքեր տուժել են «ոմն Ավետիսյանի» գործողություններից, դիմել էսինչին: Ես էլ հիմա կոչ եմ անում՝ ով տուժել է էսօրվա հանցավոր իշխանություններից, թող գան Հանրապետության հրապարակ, միանան Վոլոդյա ազնիվ մարդու ազատման պրոցեսին», – ասել է բանախոսը: