ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում նորից բարձրացրել է Կառավարության՝ իրեն տեղեկատվություն չտրամադրելու հարցը:
Մանուկյանն ասել է, որ 6 ամիս առաջ դիմել է Կառավարությանը՝ ստանալու համար «ՀայՌուսԳազարդ» ընկերության հետ կնքած պայմանագրի մասին տեղեկություն, սակայն իրեն այդ տեղեկատվությունը չեն տրամադրում:
«Եթե կա պետական գաղտնիք, ես կստորագրեմ և չեմ հրապարակի այդ թվերը: Վեց ամիս խնդրել մի փաստաթո՞ւղթ, ինչո՞ւ չեք տալիս: Եթե Խորհրդարանի պատգամավորը իր պետության հետ կապված ինֆորմացիա ստանալու իրավունք չպետք է ունենա, ո՞վ պետք է ունենա>,- ասել է Մանուկյանը:
Հարցին պատասխանել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշել է, որ որևէ տեղեկատվություն այդ հարցում չի տրվի, քանի դեռ պայմանագիր չի կնքվել:
«Մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ: Այն պահին, երբ դրանք կստորագրվեն, դրանք կգան Ազգային Ժողով»,- ասել է վարչապետը:
Այս հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անջատել է խոսափողը և կոչ արել Մանուկյանին կոռեկտ լինել՝ թույլ չտալով պատասխանել վարչապետին: