Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ներկայացնող ՉԱՊ ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վարույթ է ընդունվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Դատարանը հարցեր է ուղղել ՀՀ կառավաությանը, որը գործի քննության սկիզբն է, հաղորդում է galatv.am-ը:
Հիշեցնենք, որ հեռուստատեսության դեմ ճնշումները սկսվել էին 2007 թվականին, երբ ընդդիմության գործունեությունը լուսաբանելուց հետո հարկային տեսչությունը 25.665.100 դրամի տուգանք դրեց հեռուստաընկերության վրա, սակայն համաժողովրդական դրամահավաքով հեռուստատեսությունը փրկվել էր եթերազրկումից: Հեռուստաընկերությունն ամեն դեպքում պայքարում է ՊԵԿ-ի անօրինական որոշման դեմ:
«Առայժմ ինձ համար կարևորն այն է, որ, ըստ էության, արձանագրվի, որ տեղի է ունցել խախտում, և տեղի է ունեցել, ըստ էության, այնպիսի մոտեցում հեռուստաընկերության նկատմամբ, որը միտված է եղել հեռուստաընկերության գործունեության դադարեցմանը: Եվ մյուս հանգամանքը, որ շատ կարևոր է, ԳԱԼԱ-ն այսօր նորմալ աշխատում է, բայց մեզ համար կարևոր է, որ նախադեպը այլևս չկրկնվի», – ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով փաստաբան Կարեն Թովմասյանի հետ միասին պատրաստել է ՄԻԵԴ ուղարկված հայցը: