Թուրքիայում ազգային փոքրամասնությունների համայնքները թերահավատորեն են մոտեցել Թուրքիայի Ոստիկանության՝ վերջերս արված հայտարարությանն այն մասին, թե փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչներն ազատ են դիմել ոստիկանությունում աշխատանք ստանալու համար:
Հոկտեմբերի 14-ին Ասորիների համայնքի հոգևոր ներկայացուցիչ և փոխպատրիարք Յուսուֆ Չեթինը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Թուրքիայում փոքրամասնությունների ներկայացուցիչներին դատական, ռազմական կամ ոստիկանական կառույցներում պաշտոններ չեն տրվում:
Ի պատասխան դրան՝ Թուրքիայի ոստիկանությունը Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները, անկախ իրենց հավատքից կամ ազգային պատկանելությունից կարող են դառնալ ոստիկաններ:
Հայ-թուրքական «Ագօս» թերթի սյունակագիր Զաքարյա Միլդանօղլուն Ոստիկանության հայտարարությանը թերահավատորեն է մոտեցել՝ ասելով, որ ավելին է անհրաժեշտ այդ խնդրի շուրջ ոստիկանության ներկայացուցիչների անկեղծությունը ապացուցելու համար:
«Այս կոչը դրական զարգացում է, սակայն խնդիրը միայն հայտարարությամբ չի լուծվում: Նրանք պետք է իրենց անկեղծությունը գործով ցույց տան»,- երեկ «Հյուրիյեթ» թերթին ասել է Միլդանօղլուն:
Վերջինիս խոսքով՝ եթե անգամ կոչը անմիջապես չիրագործվի, այն անկասկած կնվազեցնի ատելության խոսքն ու կմեծանի Թուրքիայի բոլոր քաղաքացիների հավասար լինելու ընկալումը:
Suryaniler.com կայքի հիմնադիր, ասորի Սաբո Բոյաչին հայտարարությունը կարևոր է համարել, բայց նա էլ է կասկածի տակ դրել, թե հայտարարությունը գործով կապացուցվի:
«Ես կուզեի նրանց հարցնել՝ արդյո՞ք իսկապես պատրաստ են այդ ծրագիրն իրագործել: Չնայած որ մեր՝ ոստիկան դառնալու դեմ իրավական խոչընդոտներ չկան, մեր առջև, ինչպես Դամոկլյան սուր, կանգնած են չգրված օրենքները: Ե՞րբ են այս չգրված օրենքները ոչնչացվելու»,- ասել է Բոյաչին: