Home / Հայաստան / Չգրված օրենքը կփոխվի՞. Թուրքիայի ազգային փոքրամասնությունները չեն աշխատում ուժային կառույցներում

Չգրված օրենքը կփոխվի՞. Թուրքիայի ազգային փոքրամասնությունները չեն աշխատում ուժային կառույցներում

Թուրքիայում ազգային փոքրամասնությունների համայնքները թերահավատորեն են մոտեցել Թուրքիայի Ոստիկանության՝ վերջերս արված հայտարարությանն այն մասին, թե փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչներն ազատ են դիմել ոստիկանությունում աշխատանք ստանալու համար:

Հոկտեմբերի 14-ին Ասորիների համայնքի հոգևոր ներկայացուցիչ և փոխպատրիարք Յուսուֆ Չեթինը հարցազրույցներից մեկում ասել էր, որ Թուրքիայում փոքրամասնությունների ներկայացուցիչներին դատական, ռազմական կամ ոստիկանական կառույցներում պաշտոններ չեն տրվում:

Ի պատասխան դրան՝ Թուրքիայի ոստիկանությունը  Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները, անկախ իրենց հավատքից կամ ազգային պատկանելությունից կարող են դառնալ ոստիկաններ:

Հայ-թուրքական «Ագօս» թերթի սյունակագիր Զաքարյա Միլդանօղլուն Ոստիկանության հայտարարությանը թերահավատորեն է մոտեցել՝ ասելով, որ ավելին է անհրաժեշտ այդ խնդրի շուրջ ոստիկանության ներկայացուցիչների անկեղծությունը ապացուցելու համար:

«Այս կոչը դրական զարգացում է, սակայն խնդիրը միայն հայտարարությամբ չի լուծվում: Նրանք պետք է իրենց անկեղծությունը գործով ցույց տան»,- երեկ «Հյուրիյեթ» թերթին ասել է Միլդանօղլուն:

Վերջինիս խոսքով՝ եթե անգամ կոչը անմիջապես չիրագործվի, այն անկասկած կնվազեցնի ատելության խոսքն ու կմեծանի Թուրքիայի բոլոր քաղաքացիների հավասար լինելու ընկալումը:

Suryaniler.com կայքի հիմնադիր, ասորի Սաբո Բոյաչին հայտարարությունը կարևոր է համարել, բայց նա էլ է կասկածի տակ դրել, թե հայտարարությունը գործով կապացուցվի:

«Ես կուզեի նրանց հարցնել՝ արդյո՞ք իսկապես պատրաստ են այդ ծրագիրն իրագործել: Չնայած որ մեր՝ ոստիկան դառնալու դեմ իրավական խոչընդոտներ չկան, մեր առջև, ինչպես Դամոկլյան սուր, կանգնած են չգրված օրենքները: Ե՞րբ են այս չգրված օրենքները ոչնչացվելու»,- ասել է Բոյաչին: