Վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանն օտարերկրյա գործուղումների է մեկնում չարտերային չվերթերով, ինչը ենթադրում է բավական մեծ ծախսեր ՀՀ պետբյուջեից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Սարգսյանը սեպտեմբերի 29-ին չարտերային չվերթով մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, երեկ էլ՝ Բրյուսել։
Թերթը հետաքրքիր է համարում այն փաստը, որ այս անգամ նա մեկնել է հայկական նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռներով։
Այդ ընկերության իրականացրած երկու չարտերային չվերթերից (նախօրեին՝ Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ, երեկ էլ՝ Բրյուսել) մեկը համընկել է վարչապետի ուղղության հետ։
«Զարմանալի «զուգադիպությամբ» չորեքշաբթի վարչապետը խոսել է ՀՀ օդային փոխադրումների ոլորտն ազատականացնելու մասին։ Դժվար չէ ենթադրել, որ այս գլխից վարչապետը փորձում է իր ձեռքը վերցնել ավիափոխադրումների ոլորտը, մանավանդ որ օդանավակայանում գործող տաքսի ծառայությունը ևս նրա սեփականությունն է։ «Էյր Արմենիա»-ի նախագահը ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբայրն է», – գրում է թերթը։