Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն արձագանքել է կանանց ֆուտբոլի մասին քննարկումներին, որոնք սկսվել են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի հայտարարությունից հետո: Երկու օր առաջ Հայրապետյանը նշել էր, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում չի կարող զարգանալ, քանի որ հայ տղամարդը իր աղջկան ֆուտբոլի չի տանի, և Հայաստանում կանայք ու տղամարդիկ չեն կարող հավասար լինել:
Հեֆերնը Twitter-ի իր էջում, մասնավորապես, գրել է, որ ԱՄՆ-ում կանանց և տղամարդկանց մարզաձևերը հավասար ֆինանսավորում են ստանում, և դա նպաստում է նրան, որ կանանց սպորտը զարգանա: Արդյունքում՝ ամերիկացի կանայք նման լավ ցուցանիշներ են ապահովում Օլիմպիական խաղերում, ինչպես նաև միջազգային մրցաշարերում:
«Իմ չորս աղջիկներն ու տղաս, բոլորն էլ ֆուտբոլ են խաղում, ու դա նրանց կյանքի զարգացման ամենակարևոր մասերից մեկն է: Երբ ԱՄՆ կանանց հավաքականը 1991 և 1999 թվականներին դարձավ աշխարհի չեմպիոն, ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունս աճեց և ես ազգի համար հպարտություն զգացի»,- հավելել է ԱՄՆ դեսպանը: