Այսօր ժամը 10:45-ի սահմաններում մի քանի ոստիկաններ գնդապետ Վալերի Օսիպյանի առաջնորդությամբ այցելել են նախագահական նստավայրի դիմացի մայթին բերանը կարած հացադուլավոր Աշոտ Խուդոյանին և խնդրել են իրենց հետ գնալ:
Ոստիկաններն ասել են, որ Խուդոյանին ցանկանում է հանդիպել և նրա պահանջները լսել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Օսիպյանը թույլ չի տվել, որպեսզի Խուդոյանի կինը և երեխաները գնան նրա հետ՝ ասելով, որ շուտով ընտանիքի հայրը հետ կգա:
Նշենք, որ Խուդոյանը բողոքում է պապական կտակի կեղծելու դեմ՝ պնդելով, որ դրանում մեղավոր են քույրը, եղբայրը, ինչպես նաև դատախազն ու կադաստրի աշխատակիցները: Նա մի քանի անգամ նստացույց է արել նախագահական նստավայրի մոտ, իսկ 2 օր առաջ կարել է բերանը: Երեկ Աշոտ Խուդոյանին ոստիկանները բռնի ուժով մտցրել են շտապ օգնության մեքենա և տարել են հոգեբուժարան, սակայն օրվա վերջին բաց են թողել:
Խուդոյաններն այժմ պահանջում են, որպեսզի գործը Էջմիածնից տեղափոխվի Երևան, քանի որ, ընտանիքի համոզմամբ, Էջմիածնի դատախազությունը կողմնակալ է: