«Ստոպ կուտակային կենսաթոշակին», «Մի լափեք մեր փողերը», «Ոչ պարտադիրին, ոչ երիտասարդների արտագաղթին» գրությամբ պաստառներով և բազմագույն փուչիկներով մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ:
Տարբեր ոլորտներ ներկայացնող քաղաքացիները բողոքել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու օրենսդրական նախաձեռնության դեմ և կառավարությունից պաշտոնական պատասխան պահանջել:
Մեծաթիվ ոստիկանների հսկողությամբ անցկացված ակցիայի ողջ ընթացքում մասնակիցները բարձրախոսով դիմել են շենքի ներսում գտնվող նախարարներին ու կառավարության անդամներին՝ հորդորելով նրանց դուրս գալ ու բարձրախոսով պատասխանել իրենց հարցերին:
ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով ակցիային հետևում էր շենքի ներսից, ապա մուտքի աստիճաններին կանգնած՝ մոտեցել է հավաքվածներին, ընդունել նրանց նամակը, սակայն հրաժարվել է բարձրախոսով ելույթ ունենալ և հեռացել է, ինչը ուղեկցվել է հավաքվածների սուլոցներով:
Ակցիայի ավարտին հավաքվածները բաց են թողել փուչիկները՝ դրանք համեմատելով կառավարության ու իշխանության ներկայացուցիչների հետ՝ «այ սրանց պես փուչիկ են մեր երկրի ղեկավարները»:
Հեռանալուց առաջ բողոքող քաղաքացիները խոստացել են, որ շարունակելու են պայքարել, ու շեշտել՝«իրենց տանջանքով վաստակած կոպեկները թալանչի ղեկավարներին չեն տալու»: