Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես էին լրագրողներից «պաշտպանում» Տարոն Մարգարյանին

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես էին լրագրողներից «պաշտպանում» Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը հրապարակային չանցավ:

Պաշտպանությունը նշանաված էր ժամը 14.00-ին, սակայն ժամը 13.00-ից Տնտեսագիտական համալսարանում հավաքված լրագրողները պայքարում էին դահլիճ մտնելու համար: Համալսարանի մուտքի մոտ լրագրողներին դիմավորել է 17-25 տարեկան սևազգեստ տղաների 20-30 հոգանոց «զորք»: Տղաները հրաժարվում էին ներկայանալ, միայն ասում էին, որ բուհի ուսանողներ են՝ չբացատրելով լրագրողներին, թե ինչու են «ուսանողները» ստանձնել անվտանգությունն ապահովելու գործառույթը:

Համալսարանի մամուլի խոսնակը չի պատասխանել լրագրողների զանգերին, իսկ ռեկտորի ընդունարանից մի կին հայտնել է, որ ռեկտորը անորոշ ժամանակով զբաղված է, իսկ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը «փակ է լրագրողների համար»:

Լրագրողներն այդ մասին գրավոր որոշում են պահանջել, սակայն այդպես էլ չեն ստացել։

Այդ ամբողջ ընթացքում լրագրողները համալսարանի ներսում տեղաշարժվելու համար ստիպված են եղել ճեղքել «ուսանողների» պատնեշը, քանի որ վերջիններս անընդհատ հրել են նրանց և սեռական բնույթի հայհոյանքներ տեղացել նրանց հասցեին։

Թեժ վեճի ժամանակ հայտնվել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀԿ-ական Կորյուն Աթոյանը, ով շտապել է լրագրողներին մեղադրել «շոու» սարքելու մեջ: Ռեկտորը հայտարարել է, որ բուհի մուտքը հսկվում է, բայց չի բացատրել, թե ինչու է դա արվում ուսանողների կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում (18+)