Home / Հայաստան / Լրագրողը հերքել է Կանանց ռեսուրսային կենտրոնի հասցեին հնչեցրած զրպարտանքը

Լրագրողը հերքել է Կանանց ռեսուրսային կենտրոնի հասցեին հնչեցրած զրպարտանքը

Լրագրող Ռուսլան Թաթոյանը հերքել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ընտանիքին պատկանող «Զարուհի» ամսագրում լույս տեսած «Ընտանիք քանդողները» վերնագրով հոդվածում տեղ գտած տեղեկությունները, որոնք վերաբերում էին Կանանց ռեսուրսային կենտրոնին։ Հերքումը հետևյալ տեքստով լույս է տեսել Կենտրոնի կայքում․

««Զարուհի» ամսագրում լույս տեսած «Ընտանիք քանդողները» վերտառությամբ հոդվածում իմ կողմից անհիմն կերպով արատավորվել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ բարի անունն ու համբավը: Ներողություն եմ խնդրում հասարակական կազմակերպությանը «Գրանտածիծ» և «Ընտանիք քանդողներ» անվանելու, ինչպես նաև հոդվածի մեկնաբանություններում արված վիրավորական արտահայտությունների համար:

Հոդվածի բովանդակությունն ու քաղաքական ուղղվածությունը, մասնավորապես կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների դեմ, պայմանավորված է եղել թերթի խմբագրության ղեկավարության դիրքորոշմամբ, ինչին դեմ չէի կարող գնալ, որպես այդ խմբագրության աշխատակից:

Ես ինքս ծանոթ չեմ եղել «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ գործունեությանը, երբեք անձամբ չեմ մասնակցել նրանց կազմակերպած միջոցառումներին, այդ թվում նաև «Հեշտոցի մենախոսությունները» միջոցառման մասին դատողություններ եմ արել միայն վերնագրից՝ ծանոթ չլինելով բովանդակությանն ու բարձրացվող խնդիրներին: Հոդվածում հնչեցրել եմ թյուր ու չհիմնավորված կարծիք, ինչի համար հայցում եմ կազմակերպության անդամների ներողամտությունը»:

Նշենք, որ Կանանց ռեսուրսային կենտրոնը դատարան էր դիմել՝ կայքից և լրագրողից հերքում պահանջելով զրպարտանքի և արժանապատվությունը վիրավորելու համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը՝ համարելով, որ վիրավորանքի փաստն ակնհայտ է: Դատարանը նաև փոխհատուցում է նշանակել՝ 50 հազար դրամի չափով: Այնուհետև Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանատու է միայն լրագրողը, իսկ կայքը կատարվածի համար պատասխանատվություն չի կրելու:

Ինչպես Epress.am-ին հայտնեցին Կանանց ռեսուրսային կենտրոնից, «Զարուհի» ամսագիրը հրաժարվել էր հերքումը տպագրել և կայքում այն տպագրվել էր քոմենթի տեսքով, իսկ Թաթոյանն իր հերքումը տպագրել է Կենտրոնի կայքում։