Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսությունը չի բարելավվի մինչև Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները չբացվեն և Հայաստանը չդառնա տարածաշրջանային շուկա, ենթակառուցվածքների և հաղորդակցության խաչմերուկ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում ասել է Վաշինգտոնում գործող «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, կովկասյան հարցերով փորձագետ Թոմ դե Վաալը։
«Ինչ վերաբերում է կարճաժամկետ հեռանկարին` խնդիրն այն է, թե ինչպե՞ս առավելագույն կերպով օգտագործել առկա ներուժը` հաշվի առնելով առկա իրավիճակն ու հնարավորությունները: Եվ, իհարկե, կան ինչ-ինչ քայլեր, որոնք կարելի է իրականացնել: Օրինակ, կարող եք ստիպել որոշ հարուստ օլիգարխների վճարել իրենց հարկերը, իրենց եկամուտներից մասնաբաժին հանել պետությանը, զարգացնել փոքր ձեռնարկությունները, վերացնել մոնոպոլիաները: Բայց այս ամենը նույնպես քաղաքական խնդիրների հետ է կապված, որովհետև խոսքը գնում է իշխանության ընկերների, բարեկամների, վստահելի քաղաքական հենարանի մասին: Սրանից պարզ է դառնում, որ Հայաստանի նախագահ հանդիսացող ցանկացած անձը մանևրելու բավական սահմանափակ հնարավորություններ ունի և հենց սա է պատճառը, որ Ռուսաստանը և այլ արտաքին խաղացողներ բավական մեծ լծակներ ունեն Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու առումով…
…Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին փուլում մենք տեսանք, որ նա փորձում է զգուշությամբ բարեփոխել համակարգը, առանց այն գլխիվայր շուռ տալու փորձերի: Նա փորձում էր բացել եվրոպականացման ուղին, սահմանափակել որոշ օլիգարխների իշխանությունը, միաժամանակ մնալով բուրգի վերևում, կառավարել համակարգը և պահպանել իշխանական լծակները: Կարծում եմ՝ դա բավական բարդ «վիրաբուժական միջամտության» փորձ էր, և այն ձախողվեց, ինչպես տեսանք, որովհետև եվրոպականացման ճանապարհը նրա դիմաց փակեց Մոսկվան, գոնե առայժմ: Այնպես որ, իր պաշտոնավարման երկրորդ փուլում Սերժ Սարգսյանն ավելի սահմանափակ հնարավորություններ ունի: Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման տեսանելի հեռանկար չկա, ռուսները ավելի մեծ քաղաքական և տնտեսական ազդեցություն են ձեռք բերել… այնպես որ չեմ կարծում, թե նա կկարողանա փոխել համակարգը առանց իր սեփական իշխանությունը վտանգելու», – նշել է փորձագետը: