2016թ. ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հովանավոր Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը հրաժարվել է մրցաշարի նախընտրական խաղերի ընթացքում իր ստադիոններում տեղադրել ընկերության գովազդը։
ՈՒԵՖԱ-ի հետ պայմանագրի համաձայն՝ SOCAR-ի գովազդը նախընտրական խաղերի ժամանակ պետք է առկա լինի ստադիոններում ու խաղերի հեռարձակման ընթացքում ցուցադրվի հեռուստատեսությամբ։
«Համաձայնությունները պետք է կատարվեն երկուստեք։ Մենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնագիր չենք կնքել։ ՈՒԵՖԱ-ն պետք է հավատարիմ մնա պայմանագրի կետերին, դա նրանց պարտականությունն է»,- 1news.az-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։
Հայաստանի ստադիոններում ադրբեջանական ընկերության գովազդը վերացնելու վերաբերյալ ՈՒԵՖԱ-ի հետ համաձայնության մասին հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ եվրոպական ֆուտբոլի ղեկավար կառույցը համաձայնել է բացառություն անել Հայաստանի ստադիոններում անցկացվելիք խաղերի համար։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այդ համաձայնությունը չի տարածվում հեռուստատեսային գովազդի վրա։
«Չգիտեմ՝ ձեր եթերով կլինի, թե՝ ոչ, բայց մարզադաշտում, որը ղեկավարում եմ ես, նման գովազդ չի լինի»,- հայտարարել է Հայրապետյանը՝ նշելով, որ ՈՒԵՖԱ-ի հետ բանակցություններ է տարել, որպեսզի հայկական ստադիոններում SOCAR-ի գովազդ չլինի։ «Կարծում եմ, որ մեր հեռուստաընկերությունները պետք է ուշադիր լինեն, այդ նույն գովազդից ստացած եկամուտով ռազմամթերք է գնվում և օգտագործվում մեր դեմ»: