Home / Հայաստան / 1,5 տարի նախագահականի մոտ նստացույց անող կնոջ նկատմամբ ուշադրություն են պահանջել․ ակցիա

1,5 տարի նախագահականի մոտ նստացույց անող կնոջ նկատմամբ ուշադրություն են պահանջել․ ակցիա

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց ավելի քան 1.5 տարի նստացույց անցկացնող քաղաքացի Էմմա Սահակյանին պաշտպանելու համար:

Աշակերտները կարմիր սլաքներով պաստառներով շրջապատել էին Սահակյանին՝ ցանկանալով հանրության և պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել, ինչպես իրենք են նշել, մարդու իրավունքների խախտման այս մասնավոր դեպքի վրա:

Սահակյանը նախագահական նստավայրի մոտ նստացույց է անցկացնում 2012 թվականի հունիսից: Նա այդ ընթացքում նաև հացադուլ է սկսել, որը դադարեցրել է 21-րդ օրը՝ ակտիվիստների խնդրանքով:

emmasahakyan

Խնդիրը վերաբերում է անշարժ գույքի մասին վեճին: Էմմա Սահակյանը պնդում է, որ չորս տարի առաջ քրոջ դուստրն իրեն զրկել է բնակարանից, որտեղ ինքը գրանցված է եղել, և որը իր մյուս քրոջ կողմից կտակ է թողնվել իրեն: Երեք տարի կինը դիմել է դատարաններ, սակայն վեճը չի շահել, քանի որ քրոջ դուստրը, Սահակյանի խոսքով, կեղծ փաստաթղթեր ուներ:

Երբ Սահակյանը նոր էր սկսել նստացույցը, Epress.am-ը զրուցել էր նաև նրա քրոջ դստեր Սուսաննա Մարգարյանի հետ, ով ասել էր, թե իր մորաքույրը զրպարտում է իրեն:

«Մորաքույրս իր կտակը 2006թ. փոխել է և տունը թողել իմ որդուն, բացի կտակից, նա նաև նվիրատվություն է արել: Տան սեփականատերը՝ մորաքույրս, հանել էր Էմմայի գրանցումը իր տնից: Նա զրպարտում է ինձ, իսկ մամուլը գրում է՝ առանց իմանալու, թե ում մասին է խոսքը»,- նշել էր Սուսաննա Մարգարյանը: Նա նաև ասել էր, որ Սահակյանն ունի երկու երեխա, որոնք «պետք է մորն օգնեն»: