Հայաստանի բնակչության թվաքանակը տարեսկզբի դրությամբ կազմել է 3 միլիոն 17 հազար 400 մարդ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ներկայացնելով պաշտոնական տվյալները։
Կույումջյանի խոսքով՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության ցուցանիշը նվազել է 9500-ով։
«Այդ միջակայքում տարվա գրանցված կենդանի ծնունդների քանակը կազմել է 41 հազար 770 նորածին երեխա, որը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 1,7 տոկոսով նվազել է՝ 2012-ին ցուցանիշը եղել է 42 հազար 480։ Մահացության բացարձակ ցուցանիշը կազմել է 27 հազար 165, ինչը նույնպես 2012-ի համեմատ նվազել է 1,6 տոկոսով։ Բնականաբար՝ ծնունդների և մահերի տարբերությամբ ձևավորվել է հանրապետության բնական հավելաճը, որը կազմել է 14 հազար 605՝ նախորդ տարվա 14 հազար 881-ի համեմատ»,- ասել է Կույումջյանը։
Վերջինս նշել է, թե ծնելիության ամենաբարձր ցուցանիշ արձանագրվել է Արագածոտնի մարզում, որին հաջորդում է Երևանը, այնուհետ Կոտայքի, Շիրակի, Արարատի մարզերը։
«Նվազ ցուցանիշ է արձանագրվել Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, առավել ցածր՝ Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում», – նշել է բանախոսը։