Միասնական քննչական մարմնի մասին օրենքի նախագիծը ԱԺ-ում քննարկվելու է այս ամսվա վերջին։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը։ Նշենք, որ Աղվան Հովսեփյանն այժմ զբաղեցնում է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Թերթը նաև հետաքրքրվել է Ռուբեն Հովսեփյանից՝ արդյոք ճիշտ է, որ քննչական մարմնին արդեն շենք են հատկացրել Օրբելի փողոցի վրա։
«Անկեղծ ասած՝ չգիտեմ»,- պատասխանել է պատգամավորը։
Թերթի տեղեկություններով՝ տարածքն արդեն հատկացված է, բայց ,քանի որ օրենքը չի հաստատվել, այդ առնչությամբ ևս որոշակիություն չի մտցվում։
«Ի դեպ, պնդում կար, որ միասնական քնչական մարմնի մասին օրինագիծն այս շաբաթ պետք է մտներ օրակարգ, անցներ առաջին, ապա երկրորդ ընթերցում, որպեսզի վերջապես Աղվան Հովսեփյանը հաստատվեր իր պաշտոնում, սակայն օրինագիծն այդպես էլ օրակարգում չհայտնվեց։
Բանն այն է, որ նախագիծը պետք է անցնի Դավիթ Հարությունյանի՝ իրավական հարցերի հանձնաժողովով, ասել է թե՝ Աղվան Հովսեփյանի երբեմնի ախոյանի «թրի տակով», իսկ հանձնաժողովի ինտելեկտուալ նախագահը բացարձակապես չի շտապում «կյանքի» իրավունք տալ նախկին գլխավոր դատախազի հոգեզավակ քննչական մարմնին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում