Թուրքական Today's Zaman-ի թղթակից ու բլոգեր, Ադրբեջանի քաղաքացի Մահիր Զեյնալովն արտաքսվել է Թուրքիայից։
Today's Zaman-ի տվյալներով՝ արտաքսման պատճառը Զեյնալովի քննադատական հրապարակումն է Թուրքիայի կառավաության, մասնավորապես՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է թերթը, Զեյնալովը «Թվիթեր»-ի իր էջում գրել է․ «Թուրք դատախազները ոստիկանությանը հրամայել են ձերբակալել Ալ Քաիդայի հետ կապ ունեցող անձանց, իսկ Էրդողանի կողմից նշանակված ոստիկանության պետը հրաժարվել է կատարել այդ հրամանը», որից հետո Էրդողանը բողոք է ներկայացրել Զեյնալովի դեմ։
Թուրքիայի ՆԳՆ-ն, վկայակոչելով Թուրքիայում օտարերկրացիների բնակության մասին օրենքը, գտել է, որ Զեյնալովի՝ Թուրքիայում մնալը սպառնալիք է երկրի անվտանգության համար, ու որոշել արտաքսել նրան։
Զեյնալովը Թուրքիայում բնակվում է արդեն 4 տարի։ Բնակության թույլտվության ժամկետը լրանում է 2014 թվականի մարտի 10-ին, սակայն շուրջ մեկ տարի առաջ լրագրողն ամուսնացել է Թուրքիայի քաղաքացիություն ունեցող կնոջ հետ ու մշտական բնակության թույլտվություն ստացել։
Հայտնի թուրք լրագրող Յավուզ Բայդարը Զեյնալովի արտաքսումը գնահատել է որպես հարված Թուրքիայի մամուլի ազատությանը։
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ զարմացած է Թուրքիայի իշխանությունների՝ ադրբեջանցի լրագրողին արտաքսելու որոշմամբ, ու այն համարում է Անկարայի հերթական սխալ քայլը մամուլի ազատության ոլորտում։