Ստրասբուրգում փետրվարի 5-6-ը կայացած Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցութան հանձնաժողովի նիստը ձախողվել է, քանի որ Հայաստանի պատվիրակներին զրկել են ոչ միայն ելույթների հնարավորությունից, այլև հայտարարություններ անելու իրավունքից։ Նման բան առաջին անգամ էր տեղի ունենում ԵՄ պատմության մեջ, «Հայկական Ժամանակ» օրաթերթում նիստի մասին պատմող հոդվածում գրում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի պատվիրակության համար հրավիրված պաշտոնական ճաշը ևս չեղյալ էր հայտարարվել Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիևիչի կողմից:
«ՀՀ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, որ Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշումը տրամաբանական է ու բնական, հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխն ապշում էր նման ձևակերպումից: Նա ասում էր, որ երեք տարի իրենք հսկայական միջոցներ, ժամանակ, մտավոր և ֆիզիկական ջանք են գործադրել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա, և հիմա իրենց ասում են, որ Հայաստանի որոշումը՝ անդամագրվել ՄՄ-ին, տրամաբանական է: Եթե մենք իմանայինք, որ սա է տրամաբանական որոշումը, այսքան ժամանակ ու միջոց չէինք ծախսի, ասում էր նա»,- գրում է Փաշինյանը:
Վերջինս նշել է նաև, որ Հայաստանը այլևս չի ընկալվում որպես անկախ պետություն:
«Եվրոպայում ավելի է խորացել, կարելի է ասել՝ աղետալի չափերի է հասել այն ընկալումը, որ Հայաստանն անկախ պետություն չէ: Հայաստանն ընկալվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես ռուսական ֆորպոստ: Սա կարևոր նրբություն է: Մեր պաշտոնական դիվանագիտության հիմնական խաղաքարտերից մեկը՝ Արևմուտքում Հայաստանի ու Ադրբեջանի համեմատական ստեղծելն է, և ցույց տալ, թե Հայաստանն ավելի ժողովրդավարական, ավելի իրավական պետություն է, քան Ադրբեջանը: Եվ սրա վրա փորձ է արվում կառուցել ինչ-որ կոնցեպցիա, Հայաստանի համար շահեկան դիրքեր ապահովելու համար:
Սա այլևս հնացած կոնցեպցիա է: Հայաստանի և Ադրբեջանի համեմատությունն Արևմուտքում այլևս ժողովրդավարության, օրենքի գերակայության հարթության վրա չէ, այլ ինքնիշխանության: ԵՄ-ն Ադրբեջանը ընկալում է որպես անկախ պետություն: Թեկուզ սուլթանական, բայց անկախ պետություն, ով իր անկախության համար պայքար է մղում, և հանուն անկախության մղվող պայքարում տուժել է՝ կորցնելով տարածքներ: Իսկ Հայաստանը, նրանց ընկալմամբ, ոչ թե անկախ պետություն է, այլ գործիք, ֆորպոստ, որին Ռուսաստանն օգտագործում է Ադրբեջանին պատժելու համար:
Հայաստանն այլևս չեն ընկալում որպես անկախ պետություն: Սա նոր երևույթ չէ, այս երևույթին անդրադարձել եմ նաև նախկինում, բայց սեպտեմբերյան շրջադարձից հետո այն ավելի, շատ ավելի է խորացել: Եվ այս երևույթը ամբողջանում է Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների մասին եվրախորհրդարանում առկա պատկերացումներով: Նրանք շատ պարզ ասում են՝ մենք պատրաստ ենք շարունակել աշխատել Հայաստանի հետ, բայց Հայաստանն ինքը պետք է ասի, թե ինչ պարտավորություներ է ստանձնել Մաքսային միության առաջ և ինչ է իրեն կարելի անել ԵՄ-ի հետ հարաբերություններում ու ինչ չի կարելի անել»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ europarl.europa.eu