Կիևում քաղաքացիական և քրեական գործերը քննող Գերագույն դատարանը փետրվարի 13-ին ուժի մեջ է թողել վճիռը, համաձայն որի՝ Հայաստանի քաղաքացիներ Դավիթ Բատիկյանն ու Մերաբի Սուսլովը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Նրանք մեղադրվում են 2009 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած՝ 4Room առևտրի կենտրոնի համասեփականատեր Շաբաբ Ալոյանի ու նրա անվտանգությունն ապահովող ոստիկանության երկու աշխատակիցների սպանության մեջ։ Հետաքննության տվյալներով՝ հանցագործության պատվիրատուն եղել է Մերաբի Սուսլովը, ով որոշել է սպանել Շաբաբ Ալոյանին՝ վերջինիսիս՝ 4Room-ի բաժնետոմսերին տիրանալու նպատակով, իսկ սպանությունն իրականացրել է Դավիթ Բատիկյանը։ Մարդասպաններից մյուսը՝ Արա Հովհաննիսյանը, մահացել է ոստիկանության աշխատակցի հետ փոխհրաձգության ժամանակ։ 2012 թվականի նոյեմբերի 2-ին Կիևի Սվյատոշինսկի շրջանային դատարանը հանցագործներին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ 2013 թվականի ապրիլի 22-ին Կիևի Վերաքննիչ դատարանը վճիռն ուժի մեջ է թողել։
Դատական նիստի ընթացքի մասին մանրամասներ է ներկայացրել «Կոմերսանտ-Ուկրաինա»-ի թղթակիցը։ Նիստի հենց սկզբում Մերաբի Սուսլովը դատարանի կազմին բացարկ է հայտնել։
«Ես տեսնում եմ, որ իմ հանդեպ վերաբերմունքը կանխակալ է»,- պարզաբանել է նա։ Մինչ դատավորները խորհրդակցում էին, դատարանի դահլիճում վեճ է բռնկվել ամբաստանյալի և Շաբաբ Ալոյանի ու մահացած ոստիկանների հարազատների միջև։ «Որդիս քո պատճառով է մահացել, սրիկա»,- բղավել է ոստիկաններից մեկի մայրը։ «Ես մեղավոր չեմ»,- անվրդով պատասխանել է Մերաբի Սուսլովը, որից հետո Ալոյանի ընտանիքի անդամներին անվանել է «չուրկաներ», որոնք «գրպանում անգամ երկու հարյուր դոլար չունեն»։
«Այ դու բոմժ։ Դու ես Շաբաբին վերացրել, բորենի, թմրամոլ»,- ի պատասխան բղավել են նրանք։ Իր բաժինն է ստացել նաև Սուսլովի փաստաբանը՝ Արկադի Բուշչենկոն․ «Սֆաթդ փակի, նստել՝ բերանդ ես բացել»։ Պարոն Բուշչենկոն ոստիկանություն է կանչել ու հայտարարել, որ «իր կյանքին սպառնում են հենց դատարանի դահլիճում»։ Վեճը դադարեցվել է միայն դատավորների վերադառնալուց հետո, որոնք հայտարարել են, որ ամբաստանյալի միջնորդությունը մերժվել է։
Այնուհետև կողմերը, վերջապես, ներկայացրել են իրենց դիրքորոշումները։ «Ես դատարանին խնդրում եմ այս գործում վերջակետ դնել։ 2009 թվականին բերման ենթարկվելուց հետո բոլոր ցուցմունքները տվել եմ հետաքննության կողմից խոշտանգումների ու ճնշման տակ»,- հայտարարել է Դավիթ Բատիկյանն ու երկիմաստ հավելել, որ «հակառակ դեպքում, ապագայում դա կարող է դատավորների համար որոշակի հետևանքներ ունենալ»։
«Սա պատվիրված գործ է, Ալոյաններն ուզում են ինձնից խլել բիզնեսս, Շաբաբն իմ վստահված անձն էր, նա մեծ թվով ժառանգներ ուներ, ինչի՞ս էր պետք նրան սպանելը։ Իրական մարդասպաններն ազատության մեջ են»,- հայտարարել է Մերաբի Սուսլովը՝ հավելելով, որ Գերագույն դատարանը «պաշտպանում է Ալոյանի ընտանիքի շահերը»։
Դատարանը վճիռն ուժի մեջ է թողել։ «Այս ի՞նչ երկիր է։ Ցավում եմ, որ դուք ստիպված եք այստեղ ապրել»,- վրդովված հայտարարել է Սուսլովը։ «Անիծվես դու։ Սատկես դու»,- բղավել է սպանվածների հարազատներից մեկը։ Արկադի Բուշչենկոն, սակայն, հայտարարել է, որ պատրաստվում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Այնտեղ մենք հաստատ կհաղթենք, իսկ դա մեզ հնարավորություն կտա վճիռը վերանայել նաև այստեղ»,- նշել է նա։