Գերծանրաբեռնվածությունը, ոչ պատշաճ սանիտարական պայմանները, ոչ պատշաճ բուժօգնությունը և կոռուպցիան շարունակում են հայաստանյան բանտերի հիմնական խնդիրները հանդիսանալ և որոշ դեպքերում դառնում են մարդկային կյանքը վտանգող գործոններ: Այս մասին ասված է 2013 թվականի մարդու իրավունքների զեկույցում, որը փետրվարի 27-ին հրապարակել է ԱՄՆ Պետդեպը: Այս անգամ պաշտոնական Վաշինգտոնի կողմից հրապարակված փաստաթղթում հիմնականում ուրվագծվում են այն խնդիրները, որոնք տեղի էին գտել նախորդ տարվա զեկույցներում, իսկ դա նշանակում է, որ խնդիրներն իրենց լուծումը չեն ստացել:
Հաշվետու տարվա առաջին ինն ամիսների տվյալներով՝ հայաստանյան բանտերից յուրաքանչյուրում կալանավորների միջին թիվը 4.742 էր, մինչդեռ քրեակատարողական հիմնարկները կարող են ընդամենը 4.395 մարդ տեղավորել:
Աբովյան քրեակատարողականում կանանց և անչափահաս ամբաստանյալների թիվը 2013 թվականի առաջին ինն ամիսներին համապատասխանաբար 203 և 24 է եղել: 24 անչափահասներից մեկը իգական սեռի է, սակայն հիմնարկում բացակայում են իգական սեռի անչափահաս ամբաստանյալների համար անհրաժեշտ հարմարություններ, նշված է զեկույցում:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2013թ. առաջին ինն ամիսներին բանտերում գրանցվել է մահվան 14 դեպք: Դրանցից 11 դեպքերում որպես մահվան պատճառ նշվել է հիվանդությունը, 2 դեպքում՝ ինքնասպանությունը, 1 դեպքում՝ ընկնելու հետևանքով ստացված վնասվածքները:
Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, սակայն, գերծանրաբեռնվածությունը, շենքերի վատ վիճակը և բանտարկյալներին բժշկական օգնության տրամադրելու խնդիրն անուշադրության մատնելը մահացությունների հիմնական պատճառներից են:
Պետդեպն իր զեկույցում անդրադարձել է նաև բանտային ադմինիստրացիայում տարածված կոռուպցիայի դեպքերին: Ըստ զեկույցի՝ բանտարկյալներից որոշ ծառայությունների դիմաց կաշառք են պահանջում: Օրինակ, կաշառքի միջոցով հնարավոր է ավելի լավ խուց տեղափոխվել, ցնցուղ ընդունել, այլ խցեր այցելել, բջջային հեռախոս օգտագործել, ձեռք բերել դեղորայք և թմրադեղեր, հեռուստացույց ունենալ կամ տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց: Ըստ տարբեր հաշվարկների՝ օրինակ, ավելի լավ պայմաններ ունեցող «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելու համար պահանջվում է $500-$1,000 կաշառք:
2012թ. հոկտեմբերին Եվրախորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն զեկույց էր հրատարակել, որում ամփոփել էր «Երևան-Կենտրոն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ կատարած այցերի արդյունքները: Կոմիտեն նշել էր, որ 2010 թվականին իր կողմից տրված խորհուրդներն ու առաջարկները չեն կատարվել, իսկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկվածների պայմաններն անմարդկային կարող են համարվել:
Զեկույցի հեղինակները նշում են նաև, որ Հայաստանում չի աշխատում վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմը: