Առողջապահության նախարարությունը պատրաստվում է երեխաներին պնևմակոկային պատվաստումը ներդնել։ Խնդիրն այսօր քննարկել են Առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում։
«Միանշանակ այս ծրագիրը ևս պետք է ներդնենք։ Բերված փաստարկները բավական խոսուն են։ Պատվաստման արդյունքում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մենք կունենենաք թոքաբորբերի և մենինգիտների նվազում, ինչի շնորհիվ կկանխարգելվի մանկական մահացությունը։ Մենք հպարտանում ենք, որ 2013-ին մանկական մահացության ամենացածր ցուցանիշներն են արձանագրվել մեր պետության գոյության ողջ պատմության ընթացքում։ Այս ձեռքբերմանը մենք հասել ենք պատվաստումների, սկրինինգ ծրագրերի, մանկական վերակենդանացման բաժանմունքների ստեղծման ու հզորացման և այլ ծրագրերի շնորհիվ։ Դրանցից մեկն էլ ամենաբարձր վարկանիշ ունեցող արտադրողներից պատվաստանյութերի ձեռքբերումն է։ Այդ նույն պատվաստանյութերն են օգտագործվում եվրոպական զարգացած երկրներում։ Մեզ համար ամեն մի երեխայի կյանքը չափազանց թանկ արժե»,-նախարարի խոսքերը փոխանցում է Առողջապահության նախարարության կայքը։
ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով միայն 2008 թվականին աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցված 8,8 մլն մահվան դեպքերից 476 հազարը պայմանավորված է եղել պնևմակոկային վարակներով: Մինչև 1 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային սեպտիցեմիայի դեպքում մահացության ցուցանիշը հասնում է մինչև 20, իսկ մենինգիտների դեպքում՝ մինչև 50%-ի։
Կոլեգիայի անդամներն այսօր միաձայն հավանություն են տվել ներկայացված ծրագրին։