Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը թեև ցավ է ապրում անցած տարի հունիսի 1-ին Գորիսում իր տան մոտ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, սակայն մեղքի զգացում չունի, գրում է azatutyun.am կայքը։
«Ես մեղքի զգացում չունեմ, բայց ցավ եմ ապրում, որ երիտասարդ տղա է մահացել, և ցավ եմ ապրում, որ այդ արյունը մեր տանն է թափվել», – երեկ լրագրողներին ասել է Խաչատրյանը՝ հավելելով, թե տեղի ունեցածը ընդամենը «խմիչքի հետևանք էր»:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին երեկոյան Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել է: Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրանը և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Հետագայում երկուսն էլ ազատ են արձակվել, քանի որ քննչական մարմինը գտել է, որ նրանք ինքնապաշտպանվել են: Կողմերի միջև վեճը սկսվել էր նույն օրը ցերեկը, որից հետո շարունակվել էր Խաչատրյանի տան մոտ։
«Ջերմ հարաբերություններ են եղել էդ ընտանքի հետ 25 տարիների ընթացքում, – ասել է նախկին մարզպետը: – Ճի՛շտ ա, եղել են քաղաքական խնդիրներ․ ասենք երկու անգամ նույն Ավետիքը թեկնածություն է դրել Գորիսի քաղաքապետի, երկու անգամ էլ ես մեկ ուրիշին եմ պաշտպանել: Եվ էդ երկու անգամ իրա չանցնելը, ես վերջում հասկացա, որ իրա մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ինքը ուզում էր ինչ-որ բանով պատասխանել»:
Հարցին, թե ինչ է կատարվել մինչև միջադեպը, երբ դեռ մեքենայում էին, Խաչատրյանն արձագանքել է․ «Մեքենայի մեջ ընդամենը իրա հարբածության աստիճանն էր, որ ինքը չկարողացավ դրսևորի: Ես էլ իրան իջեցրեցի ու թողեցի գնացի: Վեճ չի եղել: Քաշքշոց մեքենայի մեջ չի էլ կարող լինել․․․ Մարդու մեջ ինչքան կուտակված թշնամություն պետք է լինի, որ այդքանից հետո, մեզանից հետո գնաց հասավ տուն և զենքերը վերցրեց, ավտոն էլ վերցրեց, էկավ։ Ցավալին նա է, որ իրա ծնողները չասեցին՝ ո՞ւր ես գնում, դեմը չառան: Այ սա է ցավալին»:
«Ազատության» հիշեցմանը, թե Բուդաղյանների փաստաբանները պնդում են, որ կրակոց է եղել նաև տան երկրորդ հարկից (որտեղ, ըստ ենթադրությունների, եղել է Սուրիկ Խաչատրյանը), նախկին մազրպետը արձագանքել է․ «Փաստաբանի երևակայությունն է․․․ Ես ոչ թե չեմ կրակել, ես այդ ամբողջ դեպքը չեմ էլ իմացել: Հավատացեք, որ իսկապես չեմ իմացել: Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ ամբողջ մարզի ոստիկանությունը, հանրապետական ոստիկանությունը, իրենց իսկապես համոզված են եղել, որ ես այդ դեպքին ընդհանրապես մասնակցություն չեմ ունեցել: Խնդրում եմ հասկանաք մի բան: Ես ուզում եմ մարդկային լեզվով ձեզ մի բան ասեմ․ ուրեմն փորձագետների տված եզրակացությունը Ավետիքին կպած չորս փամփուշտները նույն զենքից ա: Ո՞նց կարող էր այդ նույն զենքը և՛ ներքևում կրակվեր, և՛ վերևում կրակվեր: Խնդրում եմ տրամաբանեք: Կլինի՞ այդպիսի բան»:
Խաչատրյանը կրկին պնդել է, որ միջադեպի ընթացքում քնած է եղել։
«Սուրիկ Խաչատրյանը ի՞նչ գիտի, որ Ավետիք Բուդաղյանի վրա հայտնաբերված բոլոր հրազենային վանսվածքները նույն զենքից են պատճառվել, եթե Ավետիք Բուդաղյանի մարմնում ընդամենը երկու գնդակ է հայտնաբերվել, մնացած գնդակները չեն հայտնաբերվել, – «Ազատությանը» փոխանցեl 1 Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը: – Իհարկե, այս առումով Սուրիկ Խաչատրյանը պետք է որ ավելի լավ իմանա, թե ինչից է կրակված և ում կողմից: Բայց քրեական գործում, համենայնդեպս, պարզված չէ, քրեական գործի նյութերից չի բխում Սուրիկ Խաչատրյանի այդ հայտարարությունը»:
Մանրամասները՝ azatutyun.am: