Այսօր օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար «Վեստա» ընկերության հանդեպ կիրառվել է տուգանք՝ 15 մլն դրամի չափով, հայտնում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
ՏՄՊՊՀ-ն նշում է, որ հատկապես կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում ընկերությունները գովազդում են, որ իրենք հանդիսանում են որևէ հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
«Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել ոլորտում և պարզել, որ նման հայտարարությունները հաճախ անհիմն են:
Մասնավորապես, ՏՄՊՊՀ դիտակետում է հայտնվել կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» խանութը: Վերջինս գովազդում է, որ հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում: ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունը Հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ այս սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկերների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել «պաշտոնական ներկայացուցիչ» լինելու հանգամանքը:
Հանձնաժողովը այս և այլ փաստերի հիման վրա ևս հաստատված է համարում այն հանգամանքը, որ նման կերպ «Վեստա» խանութը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը լինելու հանգամանքը այս դեպքում դիտվում է որպես հասարակության մոլորեցում», – ասված է Հանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ: