Home / Հայաստան / Սոցիոլոգիական հարցում, բայց ոչ հանրաքվե․ Երևանում քննարկեցին Ղրիմի հարցը

Սոցիոլոգիական հարցում, բայց ոչ հանրաքվե․ Երևանում քննարկեցին Ղրիմի հարցը

Ղրիմի հանրաքվեն մեծ սոցիոլոգիական հարցում է, որոշակի կամքի դրսևորում, բայց ոչ ազատ կամքի: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանն ասել է Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Հորբաչը։

«Ես այն չեմ գնահատում որպես հանրաքվե, սակայն լրատվամիջոցները՝ հատկապես ռուսական քարոզչական ԶԼՄ-ները, նաև ամերիկյան, եվրոպական և հայկական լրատվամիջոցները այն համարում են հանրաքվե»,- ասել է վերլուծաբանը։

Հորբաչի խոսքով՝ տեղի ունեցածը կարելի է ցանկացած կերպ անվանել, բայց ոչ հանրաքվե, երբ ուկրաինական լրատվամիջոցները դրանից տաս օր առաջ կասեցվել էին Ղրիմում, երբ ընտրացուցակներ չեն հրապարակվել. «Սա փսիխոզի պայմաններում մասսայական սոցհարցում էր»:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համամիտ է նրա հետ։ Փորձագետը հիշեցրել է, որ 4 ամիս առաջ, երբ Մայդանում ցույցերը բացառապես խաղաղ բնույթ էին կրում, Ղրիմը ցանկություն չէր հայտնում Ռուսաստանին միանալու, և իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ «հանցավոր անցյալ ունեցող անձինք գրավեցին երկրի կարևոր կառույցները»։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ Ղրիմի հանրաքվեն չի համապատասխանում Ուկրաինայի սահմանադրությանը և միջազգային իրավունքին, բայց այդ փաստը որևէ մեկին չի հուզում, քանի որ Մոսկվայի վերահսկողությամբ հանրաքվեն քաղաքական բնույթ ուներ. «Աշխարհաքաղաքական շախմատի ընթացքում կողմերից մեկը խաղը շարունակելու փոխարեն ուղղակի շրջեց շախմատի տախտակը: Կողմերից մեկը ցույց է տվել իր դիրքորոշումը, հիմա խնդիրն այն է, արդյոք այդ դիրքորոշումը կկարողանա փոխել մի շարք իրադրություններ»: