Կրեմլում այսօր համաձայնագիր է ստորագրվել՝ Ղրիմն ու Սևաստոպոլը ՌԴ կազմի մեջ մտցնելու վերաբերյալ։
«Այսօր, հիմնվելով Ղրիմում անկացված հանրաքվեի ու ժողովրդի կամքի վրա, խնդրում եմ դիտարկել օրենք՝ Ղրիմի Հանրապետությունն ու Սևաստոպոլը ՌԴ կազմի մեջ մտցնելու մասին»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այս հարցը կենսականորեն կարևոր ու պատմական նշանակություն ունի։ Մարտի 17-ին Ղրիմում հանրաքվե տեղի ունեցավ։ Ավելի քան 96 տոկոսը քվեարկեց Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին։ Այս թվերն ավելի քան համոզիչ են», – հայտարարել է Պուտինը։
Խոսելով Ղրիմի թաթարների մասին՝ Պուտինը նշել է․ «Այո, եղել է ժամանակ, երբ Ղրիմի թաթարների նկատմամբ դաժան անարդարություն է տեղի ունեցել։ Այն ժամանակ ճնշումներից տուժել են տարբեր ազգությունների միլիոնավոր մարդիկ։ Սա որոշում է, որը կվերականգնի նրանց իրավունքներն ու բարի անունը։ Սա նրանց ընդհանուր տունն է, նրանց հայրենիքը, ու ճիշտ կլինի, եթե Ղրիմում լինեն երեք պաշտոնական լեզուներ՝ ռուսերեն, ուկրաիներեն ու ղրիմաթաթարերեն»։
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար ամենակարևորն են ու չպետք է դառնան փակուղային վեճերի պատանդը․ «Ռուսները, այնպես, ինչպես Ուկրաինայի մյուս քաղաքացիները, ապրում էին մշտական ճգնաժամի մեջ։ Հասկանում եմ՝ ինչու էր Ուկրաինայի ժողովուրդը փոփոխությունների սպասում․ իշխանությունը նրանց հոգնեցրել է։ Փոխվում էին նախագահները, վարչապետները, Ռադայի պատգամավորները, բայց չէր փոխվում վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ։ Նրանց չէր հետաքրքրում՝ ինչպես են ապրում երկրի քաղաքացիները»,- հայտարարել է Պուտինը։
Նշենք, որ երեկ Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ Ղրիմն անկախ ու ինքնավար հանրապետություն ճանաչելու վերաբերյալ։ Հրամանագրում նշվում է, որ Ռուսաստանը Ղրիմի անկախությունը ճանաչում է մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա։ Ռուսաստանը նաև ճանաչել է Սևաստոպոլ քաղաքի հատուկ կարգավիճակը Ղրիմի հանրապետության կազմում։ Հրամանագիրը ուժի մեջ է մտել ստորագրման օրից։