Ղրիմը կարող է ֆոնային գործոն դառնալ, բայց Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշման վրա որոշիչ ազդեցություն չի կարող ունենալ։ REGNUM գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
– Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակը որոշվելու է, առաջին հերթին, հենց հակամարտության տրամաբանությամբ։ Ղրիմը կարող է ինչ-որ ֆոնային գործոն դառնալ, բայց Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշման վրա որոշիչ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ Ռուսաստանն այն երկիրը չէ, որը հետխորհրդային տարածքում միևնույն քայլերն է ձեռնարկում։ Իրավիճակը Ղրիմում, խստորեն ասած, պայմանավորված չէ հարավ-օսական և աբխազական հակամարտությունների տրամաբանությամբ, այլ՝ Ուկրաինայում իրադարձությունների զարգացման տրամաբանությամբ։ Երբ Մոսկվան զգաց, որ Սևծովյան նավատորմի բազային ինչ-որ բան է սպառնում, ընդունվեց այն որոշումը, որը մենք տեսնում ենք։ Եթե Ադրբեջանի հետ հարաբերություններում անկում չգրանցվի, ապա չեմ կարծում՝ Մոսկվան ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Կա երկիր (Հայաստանը), որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի հովանավորը։ Եթե [Հայաստանը] չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչո՞ւ դա պետք է անի Ռուսաստանը։
Մինչ այժմ գրանցված այլ հակամարտությունները ղարաբաղյանի դինամիկայի վրա շատ չեն ազդել։ Եթե դիտարկենք Հարավային Օսիայում 2008 թվականի օգոստոսին գրանցված «հնգորյա պատերազմը», ապա դրանից անմիջապես հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ ընդունվեց Մայենդորֆյան հռչակագիրը, որում կողմերը հայտարարեցին իրենց հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Ընդ որում, հռչակագրին կողմ էին անգամ ամերիկացիները՝ չնայած Վրաստանի հարցում հայացքների անհամաձայնությանը։ Հետևաբար, կարծում եմ՝ չարժի երկու հակամարտություններն իրար խառնել։ Խնդիրներից յուրաքանչյուրը զարգացման իր ուղին ու տրամաբանությունն ունի։ Ինձ թվում է՝ կողմերի կողմից, լինի դա Ռուսաստան, թե՝ Ամերիկա, դրանք իրար խառնելն անարդյունավետ է։