Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննությունը հետաձգել մինչև մարտի 31-ը, ժամը 10։00-ը։ Այդ օրը հարցադրումներ կարվեն Կենտրոնական բանկին և ՀՀ կառավարությանը:
Այսօր հայցվոր կողմը ներկայացրել է իր փաստարկները, իսկ պատասխանող կողմը՝ ի դեմս Հակոբ Հակոբյանի, հակափաստարկներ է բերել՝ պարբերաբար կրկնելով, որ պարտադիրի բաղադրիչն արդարացված է։
«Եթե անցնենք կամավոր սկզբունքին, ապա առաջիկա երեսուն տարիների դեպքում այնպիսի արդյունք չենք ունենա, ինչ մեկ տարում՝ պարտադիրի ներդրման պարագայում։ Մեր նպատակն է պրոցեսն արագացնել, քանի որ մենք ուշանում ենք», – նշել է Հակոբյանը։
Վերջինս դիմելով հայցվոր կողմի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ հետաքրքրվել է․ թե ինչու բողոքող քաղաքական ուժերն առաջարկություններով ու դիտարկումներով կամ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել։
Ի պատասխան՝ Մինասյանը նշել է, որ նախագիծը ներկայացնելու ժամանակ ինչպես քաղաքական մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, այնպես էլ Հակոբյանը բոյկոտել են նիստը՝ զրկելով դրանք ԱԺ-ում քննարկելու հնարավորութունից, ինչն այսօր արվում է ՍԴ-ում։
Հակոբյանը, դիմելով Մինասյանին, հարցրել է, թե ո՞րն է երաշխիքը, որ պարտադրում է քաղաքացուն կենսաթոշակի վճար կատարել, ինչին ի պատասխան ՀՅԴ-ական պատգամավորն ասել է․ «Բարեկեցիկ ծերության ապահովումը մտնում է պետության պոզիտիվ պարտականությունների մեջ»։
Նիստի առավոտյան հատվածում փաստաբան Մերի Խաչատրյանը կոչ էր արել ՍԴ-ին պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչել՝ ընդգծելով, որ դա խտրականության դրսևորում է։ Նա նշել է, թե անհասկանալի է, որ հաշվարկներն են հիմք ընդունվել, երբ որոշվել է տարիքային ցենզ դնել՝ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչը սահմանելով 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների համար։ Խաչատրյանի խոսքով՝ դա հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածներին և խտրականություն է՝ «պայմանավորված տարիքային և գույքային վիճակով»։
Նա, մասնավորապես, ընդգծել է, որ խախտվում է նաև հավասարության սկզբունքը, քանի որ 1974-ից հետո ծնվածները զբաղեցնելով նույն պաշտոնն ու ունենալով նույն որակավորումը, ավելի քիչ աշխատավարձ են ստանալու, քան ավելի բարձր տարիքով մարդիկ։
Խաչատրյանը նաև խտրականություն է համարել այն, որ 500 հազար դրամ և ավել ստացողներն արդեն իսկ ստիպված են վճարելու ոչ թե 5, այլ 10 տոկոս։
Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի համաձայն՝ 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների «կեղտոտ» աշխատավարձերից պարտադիր պահվելու է 5%-ից 10 տոկոսը: 2013թ․ դեկնետմերին ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերի 36 պատգամավորներ դիմել էին ՍԴ՝ վիճարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5, 6, 8, 36, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: