Սերժ Սարգսյանը վարչապետի հարցում վերջնական որոշում չունի։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Սահակյանը չի հաստատել, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավանական թեկնածուների մեջ է, բայցևայնպես բավականաչափ գովել է Աբրահամյանի կարողությունները՝ վստահեցնելով, որ նա ընդունելի թեկնածու է քաղաքական բոլոր ուժերի համար:
«Ես կարծում եմ, էդ առումով, պրոֆեսիոնալ է: Համենայն դեպս, մենք ուզում ենք, որպեսզի առաջիկայում ով կլինի վարչապետ՝ հնարավորինս կարողանա աշխատել բոլորի հետ և շարունակի այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունեցել Տիգրան Սարգսյանի ժամանակ», – ասել է նա:
«Ազատության» հարցին՝ կուզենա՞ր արդյոք, որ Հովիկ Աբրահամյանը լիներ վարչապետ, Սահակյանը պատասխանել է․ «Իհարկե, կուզենայի, մեր ցանկացած թիմակցի կուզենայի, որպեսզի վարչապետ լիներ, իսկ ինչ վերաբերում է անձին Հովիկ Աբրահամյանի՝ ասեմ, որ պրոֆեսիոնալ չինովնիկ է Աբրահամյանը, և կարծում եմ, որ այդտեղ որպես բնութագիր կարելի է շեշտադրումներ անել»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ վարչապետի հարցը դեռևս քննարկման փուլում է:
«Խնդիրն այն է, որ վարչապետ պիտի լինի նա, ով կկարողանա աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ, նաև ընդունելի կլինի մյուս քաղաքական ուժերի կողմից», – ասել է Սահակյանը՝ համոզմունք հայտնելով, որ Աբրահամյանը քաղաքական ուժերի կողմից ընդունելի է:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքում