Նորագավիթում ապրիլի 15-ին տեղի ունեցած դեռահաս աղջկա ինքնասպանությունն ալեկոծել է թաղի բնակիչներին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
16-ամյա Հ․-ն կախվել է գիշերով։ Երեկոյան նա մտել է լոգասենյակ՝ ցնցուղ ընդունելու։ Տեսնելով, որ երեխան դուրս չի գալիս, տնեցիներն անհանգստացել են։ Գիշերվա մեկի կողմերը բացել են լոգարանի դուռը և գտել նրան կախված վիճակում։ Թերթը նշում է, թե Նորագավիթում վարկած է տարածվել, որի հհամաձայն՝ ինքնասպանության պատճառը դեռահաս աղջկա վաղաժամ հղիությունն է եղել։ Վախենալով, որ ընտանիքում իրեն չեն հասկանա, չեն ընդունի իր այդ վիճակը, աղջիկը դիմել է այդ քայլին։ Ոստիկանության մամուլի հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանի խոսքով՝ այժմ դատաբժշկական փորձագիտություն է արվում, և աղջկա հղիության մասին լուրերը դեռևս չեն հաստատվել։
Թաղամասի բնակիչները, ովքեր ճանաչում էին աղջկան, պատմում են, որ նա լավ էր սովորում դպրոցում, խելացի և համեստ աղջիկ էր, սակայն 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի կարողացել այլևս հաճախել։ Բանն այն է, որ Նորագավիթում ավագ դպրոց չկա։ Մոտակա ավագ դպրոցը 3-րդ մասում է։ Այնտեղ հասնելու համար ամեն օր տրանսպորտային ծախսեր են պահանջվում, ինչը բարդ է չքավոր ընտանիքների համար։ Ահա՝ ինչու երեխաները միշտ չէ, որ կարողանում են շարունակել ուսումը։ Իսկ Հ․-ն հենց այդպիսի ընտանիքից էր։ Հ․-ի հարևանները համարում են, որ նրա հետ կատարվածի մեղավորը նաև կրթության նախարարությունն է։ Եթե երեխան հնարավորություն ունենար շարունակել հաճախել դպրոց, այդ դժբախտությունը նրա հետ չէր կատարվի։ Նորագավիթի երկու հանրակրթական դպրոցների տնօրենները ժամանակին դիմել էին կրթության նախարարություն՝ խնդրելով, որ իրենց ավագ դպրոցի կարգավիճակ շնորհեն, սակայն մերժում են ստացել։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում